«Իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, բայց հիասթափություններ չեն եղել»․ քննիչ Անդրանիկ Իվանյան

«Օդանավակայանում երկար տարիների աշխատանքային պրակտիկայիս ընթացքում կարող եմ մատնանշել մի ուշագրավ և դաժան դեպք, որը տեղի է ունեցել այս տարի»,-այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում պատմել է Քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Անդրանիկ Իվանյանը։

-Պարոն Իվանյան, երկար ժամանակ է՝ համակարգում եք աշխատում։ Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Քննչական կոմիտեն այս տարիներին, Ձեր աչքերով ի՞նչ նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել։

-Այո, ավելի քան երկու տասնամյակ աշխատում եմ քննչական համակարգում։ Ինչպես գիտեք ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվել է 2014 թվականի հոկտեմբերին՝ դառնալով ՀՀ-ում մինչդատական վարույթ իրականացնող առանձին սուբյեկտ: Մինչ այդ քննչական մարմինները եղել են ուժային տարբեր կառույցների կազմում: ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ, կարելի է ասել, ձևավորվել է նոր մշակույթ: Կառույցի ավելի քան ինը տարիների գործունեությունն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես քննչական մարմնի ծառայողների մասնագիտական, սոցիալական և բարոյահոգեբանական վիճակի բարելավման, այնպես էլ, որն ըստ իս, շատ ավելի կարևոր է, անհամեմատ մեծացել է հասարակության կողմից «քննիչի» նկատմամբ վստահությունը, այդ աշխատանքի նկատմամբ հարգանքը: 

Որպես Քննչական կոմիտեի նշանակալի ձեռք բերում՝ կարող եմ առանձնացնել այն որ դեռևս այս տարվա սկզբին ՀՀ քննչական կոմիտեին միացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին քննչական դեպարտամենտը, իսկ հաջորդ տարվա սկզբին միանալու է նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը։ Նման ընդլայնումը փաստում է, որ չնայած իր երիտասարդ տարիքին՝ ընդամենը շուրջ տասամյա գոյությանը, ՀՀ քննչական կոմիտեն իսկապես կայացած համակարգ է։ Նման ընդլայնմամբ էլ ավելի կամրապնդվի ՀՀ քննչական կոմիտեի դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում: Այդպիսով նախաքննություն կատարելու գործառույթը կկենտրոնացվի երկու կառույցներում՝ ՀՀ քննչական կոմիտեում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, ինչն էլ միասնականություն կհաղորդի նախաքննության իրականացմանը և ավելի արդյունավետ ու որակյալ կդարձնի այն:

-Վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետն եք։ Կարո՞ղ եք նշել, թե առավելապես ինչպիսի՞ հանցագործություններ են տեղի ունենում օդանավակայանի տարածքում։ 

-Եթե ուսումնասիրենք վերջին տարիների վիճակագրությունը, ապա ակներև են զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների դեմ ուղղված հանցագործությունները: Հաճախ, նամանավանդ 44-օրյա պատերազմից հետո, լինում են դեպքեր, երբ մեկնող ուղևորների ուղեբեռներում հայտնաբերվում են ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափերի փաշմուշտներ:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունեն այս բաժնում քննվող գործերը։

-Քննչական կոմիտեի տարածքային այլ մարմինների համեմատությամբ բաժնում քննվող քրեական վարույթների քանակը համեմատաբար ավելի քիչ է։ Դա հնարավորություն է ընձեռում քննիչներին համակողմանի, մանրամանս քննություն կատարելու վրա ավելի շատ ժամանակ հատկացնել:

Բացի այդ, մեր քննչական բաժնում քննվող քրեական վարույթները առնաձնանում են մյուս բաժիններից նաև նրանով, որ վարույթներով անցնող անձինք հիմնականում օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են և չեն տիրապետում հայերեն լեզվին։ Կամ՝ առնչվում ենք այլ պետություններում գրանցված ավիաընկերությունների հետ, ինչն օբյեկտիվորեն ավելի խրթին է դարձնում քննիչի աշխատանքը: Շատ հաճախ բարդություններ են առաջանում հաղորդակցության ոլորտում: Դիցուկ, միջադեպ է տեղի ունեցել թռիչքի մեջ գտնվող հայկական օդանավում, որին ականատես են եղել քաղաքացիներ, որոնք չեն բնակվում ՀՀ-ում։ Նրանց հայտնաբերումը և օրենքով նախատեսված կարգով հարցաքննության կատարման կազմակերպումը որոշակի դժվարություններ է առաջացնում:

-Կարո՞ղ եք մտաբերել, թե ո՞րն է եղել օդանավակայանի տարածքում ունեցած ամենաարտառոց կամ ուշագրավ դեպքը, որը բացահայտել եք։

-Օդանավակայանում երկար տարիների աշխատանքային պրակտիկայիս ընթացքում կարող եմ մատնանշել մի ուշագրավ և դաժան դեպք, որը տեղի է ունեցել այս տարի։ Այն նաև լուսաբանվել է զանգվածային լրատվական միջոցներով: 

Խոսքը վերաբերում է ՌԴ քաղաքացի, երիտասարդ աղջկա սպանությանը: Սկզբում զոհի մայրը ժամանել է Երևան և ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնում հաղորդում տվել, որ իր դուստրն անհետ կորել է և տեղյակ է, որ ժամանել է Հայաստան: Հաղորդման հիման վրա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի և հետաքննության մարմնի ծառայողների պրոֆեսիոնալ, փոխհամագործակցված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում բացահայտվեց սպանությունը, հայտնաբերվեց երիտասարդ աղջկա դին, վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ, և պարզվեց հանցանք կատարած անձի ինքնությունը, ով ԱՄՆ քաղաքացի էր, այլ ազգի ներկայացուցիչ: Քանի որ սպանված աղջկա մարմինը հայտնաբերվել էր Դիլիջան համայնքի անտառներում, քննչական ենթակայության կանոններով մեզ մոտ քննվող քրեական վարույթը փոխանցվեց մարզային քննչական մարմնին:

-Հաճախ գործ եք ունենում օտարերկրացիների հետ։ Կարո՞ղ եք նշել, թե նրանց հետ կապված առավելապես ինչպիսի՞ խնդիրների եք բախվում։

-Ինչպես արդեն նշեցի մենք հաճախ ենք գործ ունենում օտարերկրացիների հետ: Բոլորին հայտնի է, որ քննիչների պրոֆեսիոնալիզմի բաղկացուցիչ մաս է կազմում անձի հետ հոգեբանական արդյունավետ կապի ստեղծման հմտությունը: Անգամ շատ պրոֆեսիոնալ թարգմանչի ներգրավումը կարող է չօգնել քննիչին կիրառել վերը նշված հմտությունը և այդքան ցանկալի հոգեբանական կապը չհաստատվի քննիչի և օտարալեզու հարցաքննվողի միջև: Մեր քննչական բաժնի քննիչների ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը այս հարցում իրենց օգնում է։ Սակայն,  հավատացեք, որ շատ են լինում դեպքեր, երբ հարցաքննության կանչված անձինք չեն տիրապետում ո՛չ ռուսերեն, ո՛չ անգլերեն լեզուներին: Պրակտիկայում ունեցել ենք դեպք, երբ անձին չենք կարողացել հարցաքննել ՀՀ-ում տվյալ լեզվի լիցենզավորված թարգմանիչ չունենալու պատճառով: Խոսքը վերաբերում է, օրինակ, հնդկերենի «Փենջապի» լեզվատեսակին:

– Հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր աշխատանքային պրակտիկայի առաջին գործը։

– Իմ աշխատանքային գործունեության  առաջին քրեական գործերից մեկը եղել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի դրանց պատրաստուկների, պրեկուսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություն, որով մեղադրվողը հանդիսանում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձ (օրենքով գող կամ քրեական հեղինակություն): Քրեական  գործն  ուղարկվեց դատարան և կայացվեց մեղադրական դատավճիռ:

-Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի հասարակությունը լիարժեք պատկերացում ունենա քննիչի աշխատանքի կարևորության և արդարադատության իրականացման հարցում ունեցած ներդրման մասին։

-Քննիչի աշխատանքի կարևորության և արդարադատության իրականացման հարցում ունեցած ներդրման մասին հասարակության կողմից լիարժեք պատկերացումների ձևավորումը շարունակական գործընթաց է։ Դրա համար անհրաժեշտ են տարատեսակ գործոններ՝ սկսած ԶԼՄ-ի գրագետ աշխատանքից մինչև հասարակության իրավագիտակցության բարձրացումը: Իհարկե, կապ ունի նաև քննիչների կողմից պրոֆեսիոնալ, հաղորդակցային հատկանիշների շարունակական զարգացումը։ Սրա հետ կապված, օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել թե՛ անձամբ Ձեզ, թե՛ Iravaban.net լրատվական ծառայության ողջ անձնակազմին, քանզի Ձեր կողմից կատարվող աշխատանքն արդեն իսկ արդյունավետ միջոց է հասարակության լայն շրջաններում օբյեկտիվ և ճիշտ պատկերացումներ ձևավորելու համար:

-Երկարամյա աշխատանքային պրակտիկայի ընթացքում երբևէ մտածե՞լ եք աշխատանքը փոխելու մասին, հիասթափություններ եղե՞լ են։

-Իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, բայց հիասթափություններ չեն եղել։ Աշխատանքը փոխելու մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ իմ անցած ուղին վկայում է դրա մասին։ 

-Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի մարդը՝ Հայաստանում քննիչի ծառայությունն ստանձնելու և իրականացնելու համար։

-Լինի Հայաստանում, թե այլ երկրում, լինի քննչական մարմնում և թե այլ ծառայությունում, յուրաքանչյուր մարդ պետք է օժտված լինի ազնվությամբ: Երբ մարդն ազնիվ է իր, իր ընտանիքի, իր պետության հանդեպ, մյուս բոլոր գործոնները, ըստ իս, կրում են ֆակուլտատիվ բնույթ:

-Իրավապահ համակարգում աշխատանքը չնորմավորված է, շատ էներգատար ու ժամանակատար, և անձնական, ընտանեկան կյանքի առումով զոհողություններ է պահանջում։ Ինչպե՞ս եք կարողանում փոխհատուցել այդ բացը։ 

Դա երևի ամենացավոտ հարցն է իրավապահ համակարգի յուրաքանչյուր ծառայողի ընտանիքի անդամների տեսանկյունից, քանզի չնորմավորված աշխատանքի բերումով, մենք օրվա գերակշիռ մասը անցկացնում ենք աշխատավայրում և քիչ ժամանակ ենք հատկացնում մեր ընտանիքիներին և ընկերներին։ Սակայն մենք հարցին այլ դիտանկյունից ենք մոտենումմեր աշխատանքն ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի կերպով ուղղված է մեր ընտանիքների և ընկերների բարօրությանը՝ ընդհանուր հասարակական առողջ, անվտանգ, իրավահեն և իրավահպատակ միջավայրում: Աշխատանքն ազնիվ և անձնվիրաբար կատարելով՝ մենք պետք է ամուր պահենք մեր պետությունը: Եթե պետությունն ամուր է, ապա ավելի բարեկեցիկ կլինեն նաև մեր բոլորիս ընտանիքները:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել