Եթե Հայաստանը կարողանա լավ հարևան դառնալ, ապա կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը, այսօր՝ դեկտեմբերի 6-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանի իշխանությունը քաոսային կերպով անցնում է մի ծայրահեղությունից մյուսը։ Նրանք հավատում են, որ այս կերպ կարող են փրկվել, դա չի ստացվի։ Նրանք պարզապես ձեռք կբերեն մեկ այլ «ավագ եղբայր»: Իսկ այդ նոր «ավագ եղբայրն» ավելի լա՞վն է լինելու նախորդից։ Անկեղծ լինենք, այդպես չի լինի։ Նորը հեռու է, այնքան էլ մոտ չէ տարածաշրջանին, այնքան էլ կապված չէ «կրտսեր եղբոր» հետ և իր քաղաքական շահերը, իսկ գուցեև՝ անձնական հավակնություններն ու գաղափարներն է առաջ տանում»,- ասել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանում իրավիճակը կայուն է. «Մեր ներքին իրավիճակը կախված չէ արտաքին գործոններից։ Իհարկե, մեր սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացները լուրջ մտահոգիչ են։ Սա միշտ պետք է հաշվի առնենք։ Ինչ վերաբերում է ներքին ռիսկերին, ապա մենք լուրջ սպառնալիքներ կամ մարտահրավերներ չունենք։ Մենք իրականացնում ենք այն նախագծերը, որոնք անհրաժեշտ են մեր տարածքներն ու սահմաններն արդյունավետ պաշտպանելու համար՝ արտաքին ռիսկերից մեզ ապահովագրելու համար»։