Վահագն Վերմիշյանի գործով ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատախազության կողմից միջազգային հարցումներ չեն արվել. պատասխանողն էլ զրկված է ապացույցներն անձամբ ձեռք բերելու հնարավորությունից

Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Այս նիստին Վահագն Վերմիշյանն իր ցանկությամբ չի մասնակցել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում պատասխանողների ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը ներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ 

Դիրքորոշումը առանձին մասերից էր բաղկացած, որոնցից առաջինը վերաբերում էր այն գույքերին, որոնց բռնագանձման պահանջ է ներկայացվել։ Կողմը կարծում է, որ հայցադիմումում առկա են մի շարք անհամապատասխանություններ։ Օրինակ՝ գույքերի վերաբերյալ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

«Փորձագիտական գնահատմամբ՝ գույքերի արժեքի հանրագումարը կազմել է ավելի քան 441 միլիոն 500 հազար դրամ։ Գործերում առկա նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում առկա է միայն մեկ փորձագիտական եզրակացություն, որով գնահատվել է Երևանի Վարդանանց փողոցում գտնվող բնակարանը, բնակելի տունը և Ստեփանավանում գտնվող հողատարածքը, որը պատկանում է Վահագն Վերմիշյանին։ Նշված 3 գույքերի վերաբերյալ փորձագետը տվել է իր եզրակացությունը և դրանց շուկայական արժեքների պարզ գումարման արդյունքում ստացվում է 333 միլիոն 500 հազար դրամ թիվը։ Անգամ փորձագետի եզրակացության համաձայն՝ գույքերի շուկայական արժեքը ավելի քան 105 միլիոն դրամով պակաս է, քան հայցադիմումում նշված թիվը»,-նշեց փաստաբանը։

Արմեն Մելքումյանը նշեց նաև, որ հայցադիմումով պատասխանողներից Վահագն և Մարգարիտ Վերմիշյանների դեմ ներկայացված է նաև դրամական պահանջ, մինչդեռ դրանում որևէ կերպ հնարավոր չէ գտնել նշված գումարի առաջացման հիմքերը, հաշվարկը, որով պատասխանողները, դատարանը կամ գործին մասնակից դարձած ցանկացած այլ անձ հնարավորություն կունենար պատկերացում կազմել նշված գումարի առաջացման հիմքերի վերաբերյալ․ «Այսինքն, ակնհայտ է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ հոդվածի խախտում, որը հիմք էր հայցադիմումը ի սկզբանե վերադարձնելու համար»։

Հայցադիմումում ներառվել են նաև նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ տեղեկություններ, մինչդեռ փաստաբանի համար հասկանալի չէ, թե որն է յուրաքանչյուր տարվա համար նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ տվյալների ներկայացումը, արդյո՞ք այդ նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ տվյալները ներառված են ենթադրաբար ապօրինի գնահատված եկամուտների մեջ, թե դրանք նվազեցվել են ընդհանուր հայտնաբերված ծախսերի թվից, ինչպե՞ս է ձևավորվել հայցապահանջի 5-րդ կետում նշված գումարն, այն դեպքում, երբ նշված թիվը որևէ կերպ արտացոլված չէ հայցադիմումի հիմքերի և հիմնավորումների մեջ։ 

Պատասխանող կողմը նաև ընդգծել է, որ հայցվորը տեղյակ է եղել պատասխանողների կողմից ուսումնասիրությունը սկսելու ժամանակին նախորդող ավելի քանի երեք տասնամյակ արտերկրում բնակվելու մասին։ Միևնույն ժամանակ ՀՀ դատախազության կողմից որևէ միջազգային հարցում չի արվել, այդ մասին նախորդ նիստերի ընթացքում հայտարարել է նաև դատախազը․ «Եթե շարժվենք հայցադիմումի տրամաբանությամբ, ապա կարող ենք գալ տարակուսանք առաջացնող մի հետևության, որ ՀՀ-ում պետական բարձրաստիճան պաշտոն համարվող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում 2019 թվականի մարտ ամսից նշանակվել է մի անձ, որն առնվազն նշանակմանը նախորդող 14 տարիների ընթացքում որևէ զբաղվածություն չի ունեցել, հետևաբար որևէ փորձ կամ արդի գիտելիքների չէր կարող տիրապետել համապատասխան պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներն ու լիազորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ»։

Արմեն Մելքումյանի խոսքով՝ արդյունքում ստացվել է թերի ուսումնասիրություն, ներկայացվել է թերի, մոտավոր տվյալներ պարունակող, դատարանի կողմից վարույթ ընդունվելու շեմն անգամ չգերազանցող հայցադիմում։

Բացի այդ, պատասխանողների պնդմամբ՝ մի շարք փաստերի ապացուցման բեռը հայցվորը պետք է կրի։ Օրինակ՝ ուսումնասիրության ողջ ժամանակահատվածում ՀՀ-ում բնակվելու, աշխատավարձի և այլ օրինական եկամուտների բացակայության, գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ տվյալները։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը, ի պատասխան ներկայացված դիրքորոշման, նշեց, որ իրենց պահանջը վերաբերում է գույքերը բնեղենով  բռնագանձելուն և միայն դրա անհնարինության դեպքում է ներկայացվում միջին շուկայական արժեքով բռնագանձման պահանջ։ Նրա խոսքով՝ ևս մեկ գույքի վերաբերյալ արդեն կա փորձագետի եզրակացություն, որը համապատասխան փուլում կտրամադրվի կողմին․ «Հայցադիմումի մյուս էջերում հնարավոր են տեխնիկական վրիպակներ, գուցե հաշվարկներով մի փոքր ավել, կամ պակաս է ստացվում, ձեզ և դատարանին խնդրում եմ հիմք ընդունել խնդրամասում ներկայացված միջին շուկայական արժեքները»։

Անդրադառնալով ներկայացված դրամական պահանջին՝ դատախազը հայտնեց, որ ուսումնասիրության ընթացքում պարզվել է՝ կատարվել են որոշակի ծախսեր, վճարումներ, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամուտներով։ Կամ անձի հաշվեհամարներին մուտք են եղել դրամական միջոցներ, որոնց փոխանցման բնույթը և նպատակը պարզ չէ իրավասու մարմնի համար․ «Հետևաբար, այդ եկամուտները չեն կարող դիտարկվել որպես օրինական և հայցադիմումում բազմաթիվ դրվագներով կտեսնեք, որ դրանք դիտարկվել են ապօրինի»։

Անդրադառնալով նվազագույն սպառողական զամբյուղին և դրա հաշվարկի մեխանիզմներին՝ Նաիրա Արտաշեսյանը նշեց, որ ծախսերը նվազեցնելու համար օրենքը պարտադրում է հաշվի առնել նաև նվազագույն սպառողական զամբյուղը։ Այդ հաշվարկները արվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրված տվյալներով․ «Միգուցե հանրամատչելի փաստ է, թե որտեղ է աշխատել Վահագն Վերմիշյանը, սակայն հանրամատչելի փաստ չէ, թե որքան վարձատրություն է ստացել, որքան ծախս է կատարել։ Իրավասու մարմինը նման լիազորություն չունի»։ 

Դատախազի խոսքով՝ օտարերկրյա պետություններ հարցումներ չեն արվել, քանի որ դատախազությունը սահմանափակված է ուսումնասիրության ժամկետով․ «Այնպես չէ, որ դատախազությունը ունի 10 տարի ժամանակ ուսումնասիրելու բոլոր երկրներում Վահագն Վերմիշյանի գործունեությունը։ Բացի այդ՝ չունի նման անսահմանափակ ռեսուրսներ»։ 

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ ապացուցման բեռը բաշխելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի առանձին դատական ակտով։

Նիստը հետաձգվեց։

Դատախազությունը Վահագն Վերմիշյանից պահանջում է բռնագանձել այն գույքերը, որոնք վերջինս ձեռք է բերել պետական պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ։ 

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։ Դատավճռից հետո է ներկայացվել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայցադիմումը։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել