«Թե՛ վարորդներից, թե՛ հետիոտնից կրկնակի ավելի զգոնություն և զգուշություն է պահանջվում»․ Գոռ Թադևոսյանը՝ Երևանի ամենառիսկային փողոցների, ՃՏ հանցագործությունների մասին

Երևանում ամենառիսկայինը Բագրատունյաց, Տիգրան Մեծի, Արշակունյաց, Գայի, Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաներն են, Խանջյան, Սեբաստիա, Արտաշիսյան, Ագաթանգեղոսի փողոցներն են, որտեղ ամենահաճախն են կատարվում ՃՏ հանցագործություններ։ Այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանը։

– Պարոն Թադևոսյան, կարո՞ղ եք նշել, թե ինչ առանձնահատկություններ ունեն Ձեր բաժնում քննվող գործերը։

– ՃՏՀ բաժնում քննվող վարույթների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տվյալ բաժնում քննվում են միայն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձանց կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու վերաբերյալ քրեական վարույթներ: Նշեմ նաև, որ ՃՏՀ քննության բաժինը որպես առանձնացված ստորաբաժանում միակն է ինչպես Երևան քաղաքում այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:

-Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ինչպիսի՞ դինամիկա եք նկատել Երևան քաղաքում այս տարվա ընթացքում։ Որոնք են Երևան քաղաքում կատարվող՝ ծանր մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքերով դեպքերի հիմնական պատճառները։

2023 թվականին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է, աճել է նաև մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: 

Ծանր մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքերով դեպքերի հիմնական պատճառները շատ տարբեր են և յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի առանձին, քանի որ դրանց կատարման պայմանները միշտ լինում են տարբեր, սակայն հիմանական պատճառը տրանսպորտային միջոցների աճն է և քաղաքացիների (հետիոտների, վարորդների) անուշադրությունն է, որոշ դեպքերում նաև փողոցների ոչ լիարժեք կահավորումը երթևեկության անվտանգությունն ապահովող միջոցներով:

Երևանի ո՞ր փողոցներն են ամենառիսկայինը, որտեղ ամենահաճախն են կատարվում ՃՏ հանցագործությունների և ինչով է պայմանավորված այդ հանգամանքը։ 

Ամենառիսկայինը Բագրատունյաց, Տիգրան Մեծի, Արշակունյաց, Գայի, Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաներն են, Խանջյան, Սեբաստիա, Արտաշիսյան, Ագաթանգեղոսի փողոցներն են։ Եթե ուշադրություն դարձրիք, խոսքը մայրաքաղաքի ամենաբանուկ, հոծ և ծանրաբեռնված երթեկություն ունեցող փողոցներին է վերաբերում։ Երևան քաղաքում վերջին շրջանում կտրուկ ավելացել են շահագործվող տրանսպորտային միջոցները, ինչը, կարծում եմ, անզեն աչքով անգամ ակնառու է Երևանի բնակիչների համար։ Դա երկու հիմնական պատճառ ունինախ՝ մեծ թվով ավտոմեքենաներ են ներկրվել և վաճառվել Հայաստանում, բացի այդ, արցախցիների բռնի տեղահանության հետևանքով Հայաստան և մայրաքաղաք տեղափոխված մեր հայրենակիցների տրանսպորտային միջոցներն են գումարվել։ Նման պայմաններում երթևեկության բոլոր մասնակիցներից՝ թե՛ վարորդներից և թե՛ հետիոտնից կրկնակի ավելի զգոնություն և զգուշություն է պահանջվում։ 

Ի՞նչ գործիքակազմ ունի Քննչական կոմիտեն՝ ազդելու երթևեկության ավելի կանոնակարգման վրա և կանխելու ծանր հետևանքներով վթարներն ու վրաերթերը։ 

-Քննչական կոմիտեն՝ ի դեմս ՃՏՀ քննության բաժնի, հաճախակի միջնորդագրեր է հասցեագրում տարբեր պետական իրավասու մարմինների, որոնք մեծամասամբ տալիս են դրական արդյունքներ: Հատկապես կարող եմ նշել Երևանի քաղաքապետարանին հասցեագրված միջնորդագրերը, որոնց գերակշիռ մասը, ունեցել և ունենում են դրական արդյունքներ՝ քաղաքապետարանի հետևողական մոտեցում ցուցաբերելու շնորհիվ: Օրինակ՝ մեր միջնորդագրերի արդյունքնում Երևան քաղաքի տարբեր փողոցներում տեղադրվել են երթևեկությունը կարգավորող լուսացույցեր, արհեստական անհարթությամբ հետիոտնային անցումներ, ցանկապատվել են փողոցների հանդիպակաց գոտիները միմյանցից բաժանող հատվածներ, իսկ ներկայումս, կրկին մեր միջնորդագրերի հիման վրա, Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Երևան քաղաքի տարբեր փողոցներում մայթեզրերի մոտ երկաթե արգելապատնեշներ կառուցելու, փողոցների հոծ գծանշումների վրա ռետինե արգելաձողեր տեղադրելու և այլ հարցեր:

-Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը շատ են, ինչը ռեսուրսների բավարարության խնդիր է առաջացնում։ Որքանո՞վ է բաժնի կադրային ներուժը բավարարում այդ ահռելի ծավալի աշխատանքը կատարելու համար և ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվում հանցագործությունների բացահայտման, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ 

Ինչպես արդեն նշեցի ՃՏՀ քննության բաժինը Երևան քաղաքում նման գործերի քննության միակ մասնագիտացած ստորաբաժանումն է, իսկ Երևան քաղաքը ՀՀ-ում ամենաշատ բնակեցվածն է։ Հետևաբար օրինաչափ է մեծ ծանրաբեռնվածություն ՃՏՀ քննության բաժնի համար: Պետք է նշեմ, որ բաժնում ունենք քննիչի թափուր հաստիքներ և այդ պայմաններում յուրաքանչյուր քննիչի վարույթում կա 100 և ավելի քրեական վարույթ։ Նման պայմաններում, բնականաբար, քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Քննչական կոմիտեի ղեկավարության կողմից վարվող կադրային քաղաքականությունն ուղղված է թափուր պաշտոնները որակյալ կադրերով համալրելուն և վստահություն ունեմ, որ դրա արդյոնքում ունենալու ենք ծանրաբեռնվածության որոշակի թոթափում։ Բացի այդ, Քննչական կոմիտեն այս ոլորտում օրենսդրական որոշակի փոփոխություններ է նախաձեռնում, որոնք վերջնարդյունքում ևս պետք է հանգեցնեն ծանրաբեռնվածության թուլացման և հետևաբար նաև նախաքննության արդյունավետությանավելի բարձրացման։ 

-Իբրև նախաքննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչ և ՃՏ հանցագործությունների քննության ոլորտում ավելի մասնագիտացած մասնագետ՝ ինչպես եք գնահատում երթևեկության կանոններից հատկապես երթևեկության մասնակիցների՝ վարորդների և հետնիոտնի իմացության, գրագիտության մակարդակը։ Ինչ անելիքներ եք տեսնում այս ոլորտում։ 

-Ընդհանուր առմամբ մեր հասարակությունը՝ լինի վարորդ, թե հետիոտն, այդ առումովունեն շատ ցածր իմացության մակարդակ: Օրինակ, հետիոտները մեծամասամբ փողոցները հատում են չնախատեսված վայրերով։ Ընդ որում, պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նրանց վերաբերյալ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների պայմաններում անգամ հետիոտները չեն պահպանում երթևեկության կանոնները։ Մինչդեռ օտարերկրյա պետություններում հենց մեր քաղաքացիները խստորեն պահպանում են այդ կաննոները որպեսզի չենթարկվեն տույժերի։ Սա մենթալիտետի հետ կապված խնդիր է և սեփական երկրում քաղաքացիական պարտականությունների կատարման, համակեցության ընդհանուր կանոնների պահպանման առումով մտածողության և վարքագծային փոփոխության պետք է գնանք։   

Վարորդական վկայականների տրամադրման ոլորտը բավականաչափ խստացվել է, որն արդեն իսկ դրական է։ Այս բնագավառում բնականաբար կան շատ անելիքներ։ Սակայն առաջնայինը հեռուստատեսության և համացանցի միջոցով հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:

-Հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր աշխատանքային պրակտիկայի առաջին գործը։ Ի՞նչ ելք է այն ունեցել։

Թերևս հատկանշական է, որ իմ աշխատանքային պրակտիկայի առաջին գործը եղել է հենց ճանապարհատրանսպորտային հանցագործություն մահվան ելքով, որն ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քննիչի մոտ տպավորվում է իր քննած առաջ գործը և ես բացառություն չեմ։ 

-Դուք նաև զբաղեցրել եք Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը։ Ոլորտները որոշակիորեն տարբեր են, այդ փորձը Ձեզ ինչպե՞ս է օգնել կամ օգնում ներկայիս աշխատանքում։

-Դուք ճիշտ եք նկատել, ոլորտները որոշակիորեն տարբեր են, հանցատեսակները և դրանց քննության մեթոդիկան առավելևս։ Սակայն դատախազի աշխատանքային փորձից հետո նախաքննությանը վերաբերվում եմ նաև այդ տեսանկյունից, որպեսզի նախաքննության լիարժեքությունն ու օրինականությունն ապահովված լինեն՝ կայացվող դատավարական որոշումների անխոցելիության համար։ Իսկ կոնկրետ զինվորական դատախազի պրակտիկայից հետո վարույթներով անցնող երիտասարդ անձանց զուտ մարդկայնորեն նայում եմ նաև նրանց՝ զորակոչման ենթակա լինել չլինելու տեսանկյունից։  

-Որքանով եք կարողանում ծառայությունը համադրել անձնական, ընտանեկան կյանքի հետ՝ հաշվի առնելով գերծանրաբեռնվածությունը։ 

-Համադրել բառը, թեևս տեղին չէ ասված, քանի որ ինչպես ես, այնպես էլ իրավապահ համակարգի աշխատակիցների մեծ մասը իրենց առօրյայի մեծ մասը՝ ընդհուպ 12 ժամը, երբեմն էլ՝ դրանից ավելին, նվիրում ենք աշխատանքին և ընտանիքի անդամները ստիպված են լինում համակերպվել ստեղծված իրավիճակին:

Սակայն եթե ստանձնել ենք պատասխանատվություն, ապա պետք է պատվով այն կրենք։ Որովհետև իմ համոզմամբ Հայաստանում պետական ծառայությունը, առավելևս երկրում իրավակարգի ու օրինականության ապահովումը, ոչ թե զուտ աշխատանք է, այլ կոչում ու առաքելություն։ Եվ եթե մարդ պատրաստ չէ նման զոհողությունների, ավելի լավ է առհասարակ չփորձի մտնել այս համակարգ։

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել