Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 1 տարով երկարաձգել ԵՄ էներգետիկայի ոլորտի արտակարգ քայլերը

 Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 12 ամսով երկարաձգել անցյալ տարվանից ԵՄ-ում գործող արտակարգ միջոցառումները էներգետիկայի ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:

«Այսօր հանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկել է երկարաձգել Եվրամիության համար մի շարք արտակարգ միջոցառումներ, որոնք սահմանվել Էին անցյալ տարի էներգետիկ ճգնաժամի լուծման համար»,-ասված է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում, որը հրապարակվել Է Բրյուսելում:

«Չնայած ԵՄ-ի դիրքն այս տարի շատ ավելի լավն է, իսկ հակաճգնաժամային կառավարման գործիքներն ապացուցել են իրենց արդյունավետությունը շուկաների հանդարտեցման և կայուն մատակարարումների ապահովման գործում, ևս 12 ամսով երկարաձգումը լրացուցիչ երաշխիք կապահովի, քանի որ գլոբալ էներգետիկ շուկաները լարված են մնում»,-Եվրահանձնաժողովում բացատրում են այս նախաձեռնությունը:

Հաղորդվում է, որ երկարաձգման համար առաջարկվող միջոցառումները ներառում են, մասնավորապես, «համերաշխության դրույթը», որը պարունակում է հեղուկացված բնական գազի շուկայի թափանցիկության դրույթներ և սահմանում է դեֆիցիտի դեպքում համերաշխության դրսևորման կանոնները, «շուկայի շտկման մեխանիզմը» և արտակարգ կանոնակարգերը, որոնք կապված են վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի թույլտվությունների արագացման հետ:

ԵՀ-ի առաջարկած արտակարգ միջոցառումների երկարաձգումը պահանջում է ԵՄ խորհրդի հաստատումը որակավորված մեծամասնության կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել