Ճանաչման համար որևէ անձի վկային, տուժողին, կասկածյալին, մեղադրյալին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը վերջիններիս նախապես հարցաքննում է այդ անձի արտաքին տեսքի ու նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողը տեսել է այդ անձին:
Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:
Ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի և արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:
Ճանաչումն սկսելուց առաջ քննիչը ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջև զբաղեցնել ցանկացած տեղը:
Քննիչի հայեցողությամբ կամ ճանաչողի ցանկությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս:
Ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար:
Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով և հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով:
Անձին ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: