Նախաձեռնությամբ փոփոխվում են ներմուծման ժամանակ տրանսպորտային միջոցների գծով հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկման առանձնահատկություններ թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման արժեքից ցածր գնով վաճառքների դեպքում: Նաեւ սահմանվում են համախառն եկամտի հաշվարկման առանձնահատկություններ նույն թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով: Փոփոխության են ենթարկվում ներմուծման ժամանակ տրանսպորտային միջոցների գծով հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Մասնավորապես, ԱԱՀ-ի գծով նախատեսվում է կանխարգելել ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների` ՀՀ տարածքում օտարման ժամանակ առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերության հաշվանցումը: Շահութահարկի մասով նախատեսվում է սահմանել նույն ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից համախառն եկամուտի հաշվեգրման առանձին կանոն` ձեռքբերման արժեքի նկատմամբ կիրառելով 1,2 գործակից: Նաեւ նախատեսվում են շրջակա միջավայրին վնաս պատճառող ԱՏԳ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված բնապահպանական հարկի դրույքաչափերի փոփոխություններ»,- ասել է զեկուցողը:

Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ բնապահպանական հարկի դրույքաչափերի փոփոխությունները` 2024 թվականի հուլիսի 1-ից:

Զեկուցողը, պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, ընդգծել է` «Եթե ֆիզիկական անձը ներմուծում է իր մեքենան, իրականացնում մաքսային ձեւակերպում եւ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր չէ, այսինքն` չկա առեւտրային նպատակ, ապա առաջարկվող 1,2 գործակիցն իր նկատմամբ կիրառելի չէ»:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել