«Մենք լսել ենք` անտառներում ինչքան ջահել տղաների են խոշտանգել»․ արցախցի բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Իրինա Արզոյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ ինքը տեղահանվել է նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով։

«Այն ժամանակ, երբ նորից վերադարձանք, վախ չկար։ Գիտեինք, որ թուրք չկա, ռուսներն էլ չակերտներում ասած՝ կապահովեն մեր անվտանգությունը։ Մեր ղարաբաղցիները դրան խաբնվեցին։ Ետ դարձանք այդ մտքով։ Արցախի 90 տոկոսը տխրության մեջ էր, շատ վատ ենք անցել բլոկադան։ Դա էլ էր մի սթրես։ Գիշերը, ժամը երեքին, կանգնում էինք հացի հերթ, անտանելի վիճակ էր։ Սովից հյուծված գնում էինք հաց էինք բերում, այդ հացը, որ դուք տեսնեիք՝ խոզերը չէին ուտի։ Ժամանակ է եղել ես ու ամուսինս չենք կերել, որ տղաս ուտի։ Օր է եղել, սոված ենք եղել»,-պատմում է տիկին Իրինան։

Չնայած՝ շուրջ ինը ամիս տևած անմարդկային պայմաններին, նա միշտ է հույս ունեցել, որ կմնա իր հայրենիքում՝ Արցախում։

«Ես չէի մտածի, որ մենք կլքենք, ավելի ճիշտ մեզ կստիպեն, որ լքենք Արցախը։ Հիմա էլ ասում են՝ մենք իրենց չենք ստիպել, իրենք իրենց կամքով դուրս են եկել։ Ես չէի սպասում, որ այսպես կլինի, մեկ օրում Արցախը կդատարկվի։ Սեպտեմբեր 19-ին, ոնց որ աշխարհը տեղից շարժվեր այդ աղմուկից։ Իջանք նկուղ, հարևաններն էլ եկան։ Կրակոց էր, ոնց որ կարկուտ մաղեին։ Արյունդ մեջդ սառում է, լեզուդ, ոնց որ կուլ գնա, աչքերդ մթնում են։ Ամուսինս որոշում է տան կանանց տանել Ստեփանակերտի օդանավակայան, որովհետև այնտեղ, ռուսների մոտ օդը փակած է։ Դե մենք համաձայնեցինք։ Տանը մնացին տղամարդիկ։ Գնացինք օդնավակայան, ես ամբողջ կյանքս այդ պատկերը չեմ մոռանա։ Բոլորը պառկած հատակին․․․ գուղերից արդեն եկել էին։ Այդ տեսարանը, որ տեսա վատացա։ Սիրտս սկսեց կուչ գալ։ Մեզ ոչ ոք հաց չի տալիս, ջուր չկա։ Ռուսներն էլ, որ կանգնած են, չեն էլ ասում՝ հաց տան։ Այդ օրն էլ անցկացրեցինք։ Հաջորդ օրը գնացինք տուն, բայց անընդհատ կրակում էին։ Հայրս եկավ, ասաց՝ հավաքվեք, գնում ենք։ Ամբողջ բակը դուրս թափվեց տներից։ Թուրքերը դիմացի սարի վերևն էին, բայց մեզ թվաց, թե արդեն իջնում են։ Գիշերն էլ քույրս զանգեց՝ տարհանում է, պատրաստվեք, բոլորը դուրս են գալիս։ Սեպտեմբերի 26-ին, գիշերը ժամը մեկին, դուրս եկանք»,-ասաց մեր զրուցակիցը։

Տիկին Իրինան նշեց, որ Հակարիի կամուրջն էլ առանց միջադեպերի չեն անցել։

«Թուրքը գլուխը քցեց մեքենայից ներս, հարցրեց, թե քանի հոգի ենք, ես ասացի։ 28-ամյա տղայիս ասաց՝ դուրս արի։ Տեսախցիկ կար, դրան նայելով քայլում էր։ Արյունս մեջս սառեց։ Ամուսնուս ասացի՝ արագ քշի, որ հասցնենք երեխայից քցենք մեքենա։ Դրանց երաշխիք չկա, ամեն րոպե կարող են մեկին տանել։ Ամուսինս քշեց, տղուս վերցրեցի, քցեցի մեքենան ու դուրս եկանք»,-ասաց նա։

Տիկին Իրինան նշում է, որ երբ հասել են Գորիս, այլևս տեղ չի եղել մնալու, եկել են Արտաշատ, ապա իրենց բերել և տեղավորել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։

Նրա խոսքով՝ իրենք արդեն միջազգային հանրությանը չեն վստահում։ Նաև չեն պատկերացնում, որ կարող են վերաինտեգրվել և ադրբեջանցիների հետ ապրել Արցախում։

«Իմ տեսածը, որ ես տեսել եմ, ես արդեն չեմ կարող։ Ամեն րոպե որ դուռը թակեն, սիրտս․․․առանց այդ էլ սիրտ չունեմ։ Ամեն րոպե վախ կա մեջս։ Կմտածեմ, թե թուրքն է եկել։ Մենք լսել ենք, թե անտառներում ինչքան ջահել տղաների են խոշտանգել։ Դա ցեղասպանություն էր, էլ ո՞նց է լինում ցեղասպանությունը»,-ասաց Իրինա Արզոյանը։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել