Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է այսօր: Հավելենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:
Ավելի վաղ ԻՌՆԱ գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):
Մոսկվան ևս հաստատել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:
«3+3» ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակը տարածաշրջանի խնդիրների լուծումն է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության: «3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության։