Ածանցյալ ստեղծագործություններ. Ի՞նչ են դրանք և ո՞վքեր են հեղինակները

Ածանցյալ ստեղծագործություններ են`

1) այլ ստեղծագործությունների վերամշակումները (մշակումները, անոտացիաները, ռեֆերատները, ամփոփումները, տեսությունները, բեմականացումները, դաշնակումները և գիտության, գրականության ու արվեստի այլ նմանատիպ ստեղծագործությունները).
2) թարգմանությունները.
3) ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և իրենցից ըստ նյութերի ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք ներկայացնող այլ հավաքածո ստեղծագործությունները:

Ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով` անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են:

Թարգմանությունները և այլ ածանցյալ ստեղծագործություններն ինքնուրույն ստեղծագործություններ են և պահպանվում են որպես բնօրինակներ:

Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներ են համարվում այլ անձանց ստեղծագործությունները վերամշակած անձինք` թարգմանիչները, ժողովածուներ և այլ հավաքածո ստեղծագործություններ կազմողները:

Ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից` վերամշակված, թարգմանված կամ հավաքածո ստեղծագործության մեջ ներառված ստեղծագործության հեղինակի իրավունքը պահպանելու պայմանով:

Ածանցյալ ստեղծագործություններ ստեղծողների հեղինակային իրավունքը չի խոչընդոտում այլ անձանց արդեն իսկ օգտագործված ստեղծագործությունների հիման վրա ստեղծելու իրենց ածանցյալ ստեղծագործությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել