Մարիա Շահնազարյանը ՌԴ-ում էր, երբ սկսվել է սեպտեմբերի 19-ի հարձակումը։ 19-ամյա աղջկա ընտանիքը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են անցել այդ մի քանի օրերը, մինչև Հայաստան մուտք գործելը։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում Մարիան պատմեց, որ այդ օրերին ՌԴ-ում է եղել, միանգամից տոմս է վերցրել ու վերադարձել Հայաստան։ Այնուհետև գնացել է Գորիս, որպեսզի դիմավորի Արցախից բռնի տեղահանվածներին։
«Սահմանին սպասում էինք, ամեն եկող մեքենայի մեջ նայում էինք, մտածում էինք՝ կարող է մի ծանոթ տեսնենք։ Մեծ բան է, որ մարդիկ փրկվել են»,-նշել է նա։
Մարիան նաև իր ընտանիքի զգացողությունների մասին է պատմել։ Նրանք կորցրել էին Արցախի դուրս գալու հույսերը․ «Նրանց խոսքերն եմ հիշում, որ ասում էին՝ մենք կյանքում այսպիսի բան զգացած չէինք եղել։ Այս անգամ ամեն ինչ շատ ահավոր էր»։
Նա պատմել է նաև, որ ադրբեջանցիներն իրենց ընտանիքի հարսի եղբոր վզին խաչ են տեսել ու բռիաբար քաշել են այն, պոկել։ Մարիայի ընտանիքն Արցախից ոչինչ չի կարողացել տեղափոխել․ «Իրանց հագուստից մի քանի բան են վերցրել ու եկել»։
19-ամյա աղջիկը նշել է, որ ՄԱԿ-ից կամ միջազգային այլ կազմակերպություններից իրենց ընտանիքը որևէ աջակցության չի սպասում, եթե օգնելու ցանկություն լիներ, կարող էին օգնել 2020-ի պատերազմից հետո։
«Ի՞նչ արեցին։ Նստես ու կոչ անես, դա նույն է, եթե ինչ-որ մեկն ընկնի գետնին, ես կանգնեմ ու ասեմ՝ մեկդ եկեք, օգնեք ընկածին։ Նույն տրամաբանությունն է։ Կոչ անելով ինչ-որ բան փոխվո՞ւմ է։ Նրանք ոչ մի քայլ չեն արել։ Արցախում միշտ է պատերազմ եղել, իմ հորեղբայրը 90-ականներին է զոհվել, պապաս 3 անգամ վիրավորվել է, հիմա 1-ին կարգի հաշմանդամություն ունի»,-նշել է Մարիան։
Ընտանիքի համար շատ դժվար է եղել Արցախը լքելը․ «Մեզ համար հայերենը, մեր բարբառը, սրտիցդ է գալիս, ուզում ես խոսել»։
Մարիան հիմա Հայաստանում է, սիրում է այն, սակայն կարծում է, որ իր հայրենիքն Արցախն է․ «Կապ չունի՝ ես որտեղ եմ, ես միշտ իմ Արցախի հետ եմ»։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։