Ես նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները  նստած են Բաքվի բանտերում․ Աշոտյանի ելույթը՝ դատաքննության ժամանակ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 11-ին,  շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի վերաբերյալ գործով նախնական դալասումները։ Դատաքննության ժամանակ խոսքով հանդես եկավ անձամբ Աշոտյանը։

Ելույթից առաջ դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Աշոտյանը չպետք է քաղաքական հայտարարություններ անի՝ հակառակ դեպքում նրա խոսքն ընդհատվելու է։

«Ես իմ ֆիզիկական ներկայությամբ քաղաքական եմ, այդպես է ստացվել  իմ ճակատագիրը։ Չլինե՞մ ընդհանրապես; Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական բանտարկյալ՝ ըստ եվրոպական և ոչ միայն քաղաքական գնահատականի»,- պատասխանեց Աշոտյանը։

Նա, շարունակելով իր խոսքը, ընդգծեց՝  իր խնդիրները շատ փոքր է համարում այն արհավիրքի դիմաց, որ պատուհասել է Արցախին ու Հայաստանին։

«Ես ինձ վատ եմ զգում, երբ համեմատում եմ իմ դարդը հազարավոր այն մարդկանց հետ, որոնք ընտանիքի անդամին անվերադարձ կորցրին։ Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100 000 մարդ գիտեմ, որ  այլևս օջախ չունի։ Ես նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները  նստած են Բաքվի բանտերում, ես ինձ վատ եմ զգում դրա համար»,- ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել