4 հոգով Արցախի Կարմիր գյուղից կրակոցների տակից բոբիկ փախել ենք, ոչինչ չենք կարողացել մեզ հետ վերցնել։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված կինը։
«Տղաս Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ այրվել է, առողջական վիճակը միջին ծանրության է։ Տղաս ուզում էր բենզին ճարել, ասաց՝ գնամ բենզին բերեմ, գնացել է ու պայթյունը եղել է»,-նշում է նա։
Մեր զրուցակիցը նշում է, որ երբ փախել են գյուղից, իր տղան մնացել է շրջափակման մեջ, մի քանի օրից դուրս է եկել շրջափակումից և իրենց գտել Ստեփանակերտում։
Նրանք հիմա կացարան չունեն, իր տղան էլ հիվանդանոցում է, խնդրում է, որ իր համար կացարան գտնեն Երևանին մոտ տարածքներում, որ կարողանա գնալ տղայի մոտ․ «Ընտանիքս ցրված է, տուն եմ ուզում, հավաքվենք մի տեղ»։
Մեր զրուցակիցը նշում է, որ ինքը Արցախից դուրս գալու նպատակ չի ունեցել և միշտ հուսացել է, որ կմնա Արցախում։
«Գյուղում ամեն ինչ ունեինք, մեղու էինք պահում, այգի ունեինք, աշխատել եմ, ամեն ինչ եղել է, շատերին էլ ես եմ օգնություն տվել, իսկ հիմա ես եմ օգնություն ուզում»,-նշեց նա։
Նա ասում է, որ վախենում են և չեն կարող ապրել ադրբեջանական կողմի առաջարկած ինտեգրացիայի պայմաններում։
«Որ լսում ենք մորթում են, վախենում ենք։ Հիմա շատ են չարացած, ես վախենում եմ։ Ապրուստս թողել եմ և կես շորով եկել եմ»,-նշում էնա
Մանրամսները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter