Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ․ ԱՀ նախագահի աշխատակազմ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հայտարարությունը․

«Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով»:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել