Ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշոման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հաստատել արդի դասակարգման պահանջներին համապատասխանող հիվանդությունների ցանկը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվող հիվանդությունների առանձին ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախագծով առաջարկվող հիվանդությունների ցանկը տարածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից, ի տարբերություն ներկայումս գործող՝ գործունեության մի շարք տեսակների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների բազմաթիվ ցանկերի, օրինակ՝ Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատվել է հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որոնք առնչվում են հստակ շրջանակի կամ կատեգորիայի անձանց:
Նշված ցանկում ներառված հիվանդություններն են․
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09),
2. Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10-F19),
3. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29),
4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39),
5. Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69),
6. Մտավոր հետամնացություն (F70-F79),
7. Էպիլեպսիա (G40)։