Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։

Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել