Ի՞նչն է պահպանվում հեղինակային իրավունքով

Հեղինակային իրավունքի պահպանությունը տարածվում է գրականության, գիտության և արվեստի բոլոր ստեղծագործությունների վրա: Ստեղծագործությունները տարբերվում են իրենց արտահայտման, օգտագործման ձևով, ինչպես նաև ինքնուրույնության աստիճանով: Հեղինակային իրավունքի օբյեկտների դասակարգումը բխում է հիմնականում Բեռնի կոնվենցիայից, սակայն ամեն մի երկիր իրավասու է կանոնակարգելու հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկը։

Հեղինակային իրավունքի օբյեկտներն են․

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից։

2. Նյութական կրիչի վրա չամրագրված բանավոր ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել հանրությանը հրապարակային կատարման կամ այլ ձևով։

3. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։

4. Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

ա) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը.
բ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
գ) դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները.
դ) պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.
ե) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
զ) տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը).
է) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
ը) լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.
թ) քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.
ժ) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
ժա) ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝

– այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները և գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,

– ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են.

ժբ) ստեղծագործության մասերը (անվանումը, կերպարները և այլն), որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին և կարող են օգտագործվել ինքնուրույն.

ժգ) տառատեսակները.

ժդ) սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխանող այլ ստեղծագործություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել