Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար։ 264-րդ հոդվածի համաձայն՝ ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
3) կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
4) կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,
5) կատարվել է խուլիգանական դրդումներով կամ
6) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը՝
1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անզգուշությամբ առաջացրել է պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկայի ոչնչացում կամ վնասում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: