Արա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երկու և ավելի անձանց օգտագործելով, նպաստել է մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն:
Ամբաստանյալը 2011 թ -ից իրեն պատկանող «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով։ Հաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառներին։ Աշխատանքը կատարելու ընթացքում ծանոթացել է մարմնավաճառներ Կարինե Հովհաննիսյանի, Անժելա Մարգարյանի, Լուսինե Ղուկասյանի և այլոց հետ: Վերջիններիս հետ փոխանակվել է հեռախոսահամարով։
2011 թ-ից մինչև 2013թ փետրվար ամսվա վերջերը ընկած ժամանակահատվածում, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով նպաստել է մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումները իր ծանոթ տղամարդկանց հետ, և ամեն անգամ հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց նրանցից որպես միջնորդավճար յուրաքանչյուրից ստացել է 3.000 դրամ:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Այսինքն՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված 55-ամյա ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: