Ինչպես և ինչ հարթակում կարող են ազդարարել քաղաքացիները, եթե տեղեկություն ունեն կոռուպցիոն դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասների մասին․ azdararir.am

azdararir.am-ը ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ է։ Եթե անձը որևէ տեղեկություն ունի կոռուպցիոն դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասների մասին, ապա այս հարթակի միջոցով կարող է անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով հայտնել դրա մասին։

Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է իրավասու անձին կամ մարմին։

Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով կուղարկի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:

Կարևոր է իմանալ, որ Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Եվ սա սահմանված է «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2, 3 կետերով։

Այժմ ներկայացնենք, թե ինչպես կարող եք անանուն և բացահայտ ազդարարել․

Գոյություն ունեն ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) թաքցնելու բազմաթիվ եղանակներ՝ կախված ձեր օգտագործած օպերացիոն համակարգից։ Այս բաժնում ներկայացվում են ամենատարածված եղանակները։

Ինչպես թաքցնել ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն․

Ամենատարածված եղանակները․

Tor Browser (Windows, macOS, Linux)

1․ Ներբեռնե՛ք Tor Browser դիտարկիչը https://www.torproject.org կայքից, տեղադրեք և գործարկեք այն։
2․ Եթե Tor Browser դիտարկիչը օգտագործում եք առաջին անգամ, ապա կտեսնեք Tor ցանցի կարգավորումներ (Tor Network Settings) պատուհանը։ Սա ձեզ տալիս է Tor ցանցին ուղղակիորեն միանալու հնարավորություն կամ ձեր միացումն ապահովելու համար Tor Browser դիտարկիչը կարգաբերելու հնարավորություն։ Դեպքերի մեծամասնությունում ընտրելով Միանալ (Connect) գործառույթը՝ ձեզ հնարավորություն կտրվի միանալու Tor ցանցին՝ առանց հետագա կարգաբերումների։

Opera (Windows, macOS, Linux)
1․ Ներբեռնե՛ք Opera դիտարկիչը https://www.opera.com կայքից, տեղադրեք և գործարկեք այն։
2․ Անցե՛ք Կարգավորումներ (Settings) բաժին։ Windows կամ Linux օպերացիոն համակարգում Opera դիտարկիչի Կարգավորումների ցանկը (Menu) բացելու համար կտտացրե՛ք Opera դիտարկիչի վերին ձախ անկյունում գտնվող O պատկերանշանին։ Ցանկի ստորին հատվածում դուք կգտնեք Կարգավորումներ (Settings) բաժնին արված հղում։ macOS օպերացիոն համակարգում Opera դիտարկչի Կարգավորումների ցանկը (Menu) բացելու համար գործիքագոտում կտտացրե՛ք Opera դիտարկչի պատկերանշանին։ Այստեղ կարգավորումների էջը ներկայացվում է Նախապատվություններ (Preferences) անվամբ։
3․ Կտտացրե՛ք ձախ կողագոտում գտնվող Ընդլայնված (Advanced) բաժինը և մտեք Հնարավորություններ (Features) բաժին։
4․ VPN-ի ներքո նշե՛ք Ակտիվացնել VPN-ը (Enable VPN)։ Երբ դուք ակտիվացնում եք VPN-ը, այն ինքնաբերաբեր գործարկվում է, և հասցեի ու որոնման գոտու համակցված դաշտում հայտնվում է կապտագույն VPN նշանակը։ Կտտացրե՛ք նշանակը և կտեսնեք միացված է/անջատված է (on/off) փոխարկիչը, փոխանցված տվյալների ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, վիրտուալ գտնվելու վայրը և վիրտուալ համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address)։

Onion Browser (iOS)
1․ Ներբեռնե՛ք Onion browser դիտարկիչը App Store-ից, տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ Onion browser դիտարկիչը կարելի է օգտագործել դրա մեկնարկից անմիջապես հետո։ Սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) կթաքցվի՝ առանց որևէ լրացուցիչ կարգավորումների։

Tor Browser for Android (Android)
1․ Ներբեռնե՛ք Tor Browser for Android դիտարկիչը Google Play-ից, տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։
2․ Ամեն անգամ Tor Browser for Android դիտարկիչը գործարկելիս ձեզ հարկավոր կլինի կտտացնել Միանալ (Connect) կոճակը՝ Tor ցանցին միանալու և ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) թաքցնելու համար։

Ներկայացնենք նաև վիճակագրություն՝ 2019-2022 թվականներին azdararir.am-ով ազդարարումների մասին:

2019 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացվել է 188 ազդարարում: Նշված 188 ազդարարումներից 153-ը եղել են անանուն: 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով, որոնք բոլորն են ստացվել են անանուն, հարուցվել է քրեական գործ: Վերոնշյալ բոլոր քրեական գործերի վարույթները կարճվել են:

2020 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում: Նշված 140 ազդարարումից 119-ը եղել է անանուն: 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 15-ը ուղարկվել է ըստ ենթակայության: 1 ազդարարման դեպքով, որը ստացվել է անանուն, հարուցվել է քրեական գործ՝ Նախկի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում:

2021 թվականի ընթացքում թեև արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այսպես, 2021 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, որոնցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է, 47-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 10 ազդարարման, որոնցից 9-ը ստացվել են անանուն, իսկ մեկը՝ տվյալներ հայտնելով, հարուցվել է քրեական գործ:

2022 թվականին ազդարարման էլեկտրոնային համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որից 74-ը եղել է անանուն, 82-ով հարուցվել է ազդարարման վարույթ, իսկ 34-ով մերժվել է ազդարարմնա վարույթի հարուցումը: 9 ազդարարման դեպքով, որոնք բոլորն էլ ստացվել են անանուն, հարուցվել է քրեական գործ:

Հարկ է ընդգծել, որ ազդարարների նկատմամբ պաշտպանության միջոցների կիառման դեպքեր չեն արձանագրվել:

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել