Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 29-ին, որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատել է ԱԻՆ գլխավոր քարտուղարին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝
Լիլիթ Միրզախանյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:
Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: