Քաղաքացիական դատավարությունում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:
Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին:
Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը: