ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ արմատապես փոխվել է նաև առևտրային գործարքների տեխնոլոգիան: Ստեղծվել է բիզնեսի նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուր»: Այն բնութագրում է համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքի կամ ծառայության ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը:
Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի, այդ թվում էլեկտրոնային, զարգացման ընդհանուր միտումները: Որոշման նպատակն է ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ, մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը, կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտի իրավական և օրենսդրական դաշտը, երկրում ստեղծել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման բարենպաստ միջավայր:
Իրավաբան.net