Քաղաքացու մահվան դեպքում նրան սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ժառանգվում է Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողամասը չի բաժանվում ժառանգների միջև, այլ տրվում է ցանկացած հերթի այն ժառանգին, որը պարտավորվում է զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ:
Վեճի դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Գյուղատնտեսական արտադրություն իրականացնելուց հրաժարված ժառանգներն ունեն իրենց հասանելիք բաժինների չափով ժառանգությունից փոխհատուցում ստանալու իրավունք:
Ժառանգները կարող են իրենց բաժինների ներդրմամբ հիմնադրել իրավաբանական անձ:
Եթե ժառանգներից որևէ մեկը չի ցանկանում գյուղատնտեսությամբ զբաղվել, ապա նա պարտավոր է գյուղատնտեսությամբ զբաղվելու պարտականություն ստանձնած ժառանգներին փոխանցել հողամասի նկատմամբ իր իրավունքը:
Ժառանգների կամ կտակի բացակայության, ինչպես նաև ժառանգությունից հրաժարվելու դեպքերում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը:
Հողամասի վարձակալության իրավունքը, որի ժամկետը չի ավարտվել, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով անցնում է գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու պարտականություն ստանձնած` ըստ օրենքի կամ ըստ կտակի` ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:
Ժառանգը հողամասի օգտագործման պայմանագիրը վերաձևակերպում է իր անունով, որից հետո կատարվում է հողամասի պետական գրանցում:
Անչափահաս քաղաքացու կողմից հողամասը ժառանգելու դեպքում նրա օրինական ներկայացուցիչները կարող են այդ հողամասը տրամադրել վարձակալության` մինչև ժառանգի չափահաս դառնալը: