Հրապարակվել է դատավորների թեկնածությունների որակավորման քննությունների կարգը

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ ԱԽ-22-Ո-27 ՈՐՈՇՄԱՆ

Կ Ա Ր Գ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ, ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունումը, անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությունների ձևը և քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները

1. Հավակնորդը հայտում նշում է, թե դատավորների թեկնածությունների ցուցակի որ մասնագիտացմամբ /քաղաքացիական, քրեական, վարչական/ որակավորման ստուգմանն է մասնակցելու։
2. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությունների /այսուհետ` Քննություն/ ձևերն են`
ա/ դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժին – 2 խնդիր` քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության վերաբերյալ.
բ/ դատավորների թեկնածությունների ցուցակի քրեական մասնագիտացման բաժին – 2 խնդիր` քրեական իրավունքի և քրեական դատավարության վերաբերյալ.
գ/ դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժին – 2 խնդիր` վարչական իրավունքի և վարչական դատավարության վերաբերյալ։
Կազմված խնդիրները քննության օրը համապատասխան մասնագետների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ ղեկավարին։
3. Յուրաքանչյուր քննական խնդրի տվյալների հիման վրա հավակնորդից պահանջվում է կազմել գործն ըստ էության լուծող դատական ակտ։

II. Քննության կազմակերպման և անցկացման կարգը

4. Որակավորման ստուգմանը մասնակցելու պահանջները բավարարող հայտ ներկայացրած հավակնորդներին Աշխատակազմը տրամադրում է վկայական /այսուհետ` Վկայական/։
Վկայականը ներառում է «ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ» անվանումը, հավակնորդի անուն-ազգանունը, լուսանկարը, Վկայականի համարը, որակավորման ստուգման անցկացման վայրի, օրվա և որակավորման ստուգման ներկայանալու ժամի մասին նշումը։ Վկայականը ստորագրում է Աշխատակազմի ղեկավարը, այն կնքվում է Աշխատակազմի կնիքով։
5. Յուրաքանչյուր հավակնորդ ներկայանում է Քննության անցկացման վայր անձնագրով և Վկայականով։
Անձնագիր և Վկայական չներկայացրած, ինչպես նաև նշանակված ժամից ուշացած հավակնորդի մուտքը քննասենյակ արգելվում է։
6. Հավակնորդներին թույլատրվում է քննությանը ներկայանալ միայն հետևյալ նորմատիվ ակտերով.
ա) քաղաքացիական մասնագիտացման հավակնորդներ – ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք,
բ) քրեական մասնագիտացման հավակնորդներ – ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք,
գ) վարչական մասնագիտացման հավակնորդներ – ՀՀ Սահմանադրություն, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենքները» /Պաշտոնական տեղեկագիր 2013/։
7. Հավակնորդին արգելվում է իր հետ քննասենյակ տանել համակարգիչներ, այլ էլեկտրոնային սարքավորումներ։
8. Քննության տևողությունը 6 ժամ է։
9. Քննասենյակում յուրաքանչյուր հավակնորդ զբաղեցնում է առանձին գրասեղան։ Քննության ընթացքում հավակնորդների շփումը միմյանց հետ արգելվում է։ Քննասենյակից հավակնորդը կարող է դուրս գալ միայն Աշխատակազմի ներկայացուցչի թույլտվությամբ։ Հավակնորդը չի կարող քննության ընթացքում որևէ նյութ քննասենյակից հանել կամ քննասենյակ մտցնել։
10. Մինչև Քննության սկիզբը յուրաքանչյուր հավակնորդ ստանում է իր անվամբ և Վկայականի համարով ծրար, որը պարունակում է`
ա) քննական խնդիրները,
բ) Աշխատակազմի կնիքով դրոշմված թղթեր,
գ) գրիչ։
11. Քննասենյակում քննությունների ընթացքը կազմակերպում են Աշխատակազմի ղեկավարը և նրա կողմից լիազորված Աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք կրում են տարբերանշան։ Քննությանը ներկա կարող են լինել և դրանց ընթացքին հետևել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նշանակած 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչև 3 փաստաբան և որակավորման ստուգման անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության։ Չլիազորված անձանց մուտքը քննասենյակ արգելվում է։
Քննասենյակում ներկա է (են) գտնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամը (անդամները)։
12. Քննության ողջ ընթացքը տեսաձայնագրվում է Աշխատակազմի կողմից։
13. Քննական աշխատանքները պետք է գրվեն հատկացված գրիչներով, դրոշմված թղթերի վրա։ Արգելվում է կատարել որևէ նշում, որը կարող է անհատականացնել գրավոր աշխատանքը։
14. Քննական աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդն Աշխատակազմի ներկայացուցչին հանձնում է աշխատանքը և ծրարը։ Աշխատակազմի ներկայացուցիչը, ծրարի վրա նշելով գրված թերթերի քանակը, փակում է ծրարը, ինչից հետո ծրարի վրա ստորագրում են Աշխատակազմի ներկայացուցիչը և հավակնորդը։ Քննության ավարտից հետո գրավոր աշխատանքների ծրարները հանձնվում են Աշխատակազմի ղեկավարին` ծածկագրման աշխատանքները կազմակերպելու և որակավորման ստուգումների գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովին փոխանցելու համար։
15. Հավակնորդի կողմից սույն կարգի խախտում թույլ տալու դեպքում Աշխատակազմի ներկայացուցիչը կազմում է արձանագրություն, որն Աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացվում է քննասենյակում ներկա գտնվող Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամին (անդամներին)` հավակնորդին քննասենյակից հեռացնելու հարցը լուծելու համար։

III. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման
նպատակով անցկացվող որակավորման ստուգման գնահատման
չափորոշիչները և քննական աշխատանքների ստուգման կարգը

16. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգումների քննական աշխատանքների ստուգման և գնահատման համար քննության անցկացումից ոչ շուտ, քան 4 օր առաջ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդն առաջարկում է իրավունքի համապատասխան բնագավառի 10 դատավորի թեկնածություն, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 4 իրավաբան գիտնականի թեկնածություն` առաջարկված թեկնածուների համաձայնությամբ։ Որակավորման գրավոր քննության անցկացման օրը` քննությունների ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ Արդարադատության խորհրդի կողմից ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ։ Գնահատման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամները և դատարանների նախագահները։
17. Գնահատման հանձնաժողովը բաղկացած է իրավունքի համապատասխան բնագավառի հինգ դատավորներից և նույն բնագավառի առնվազն երկու իրավաբան գիտնականներից։ Գնահատման հանձնաժողովը ղեկավարում է իր կազմից անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված անձը։ Գնահատման հանձնաժողովի անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանն իր մասնակցության անկողմնակալության վերաբերյալ։
18. Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացնում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողներ, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը` իրավաբան գիտնական։
19. Եթե վերը նշված ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր և մյուս իրավաբան գիտնականը։
20. Հավակնորդների գրավոր աշխատանքները գնահատման հանձնաժողովին տրամադրվում են անանուն։
21. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար գնահատման հանձնաժողովն Աշխատակազմի կողմից հնարավորինս ապահովվում է ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով։
22. Գնահատման հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով։ Գնահատման հանձնաժողովի աշխատանքային պայմաններն ապահովում է Աշխատակազմը։
23. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հավակնորդի գրավոր աշխատանքը ստուգելիս և գնահատելիս ղեկավարվում է հետևյալ չափորոշիչներով` հավակնորդի իրավական գիտելիքներ, վերլուծական միտք, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողություններ, իրավաբանական գրավոր խոսքի սահունություն, քննական խնդրի լուծում (դատական ակտի եզրափակիչ մասի տրամաբանական շաղկապվածությունը վերլուծական մասի հետ)։
24. Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին։
25. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները։
26. Գրավոր աշխատանքի յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 100 միավոր համակարգով։
Գրավոր աշխատանքը գնահատվում է զրո միավոր, եթե այն ներկայացվել է առանց դրոշմի թղթերի վրա, այլ գրիչով գրված, հավակնորդների անվամբ, ազգանվամբ կամ ստորագրությամբ, ինչպես նաև այլ կերպ անհատականացնող նշումներով։
27. Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում /www.azdarar.am/ և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում /www.court.am, «Նորություններ» բաժնում/։
28. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գրավոր աշխատանքի պատճենը։
29. Գրավոր աշխատանքի պատճենը ստանալուց հետո` գնահատման հանձնաժողովի գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում, հավակնորդն իրավունք ունի այն բողոքարկել։ Բողոքարկման դիմումում հավակնորդը պետք է նշի, թե որ խնդրի գնահատականն է բողոքարկում և ինչ հիմքերով։
30. Գրավոր աշխատանքի գնահատման արդյունքը կարող է բողոքարկվել գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Բողոքարկման դիմումը հանձնվում է Աշխատակազմի ղեկավարին։
31. Բողոքարկման դիմումներով և գրավոր աշխատանքներով ծրարները հանձնվում են Աշխատակազմի ղեկավարին` ծածկագրման աշխատանքները կազմակերպելու և բողոքարկման հանձնաժողովին փոխանցելու համար։
32. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկած իրավունքի համապատասխան բնագավառի թեկնածուներից վիճակահանությամբ ընտրվում է 2 դատավոր և 1 իրավաբան գիտնական անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով, որի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահողին։ Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի անդամները, Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամները և դատարանների նախագահները։ Բողոքարկման հանձնաժողովի անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանն իր մասնակցության անկողմնակալության վերաբերյալ։
33. Հավակնորդի գրավոր աշխատանքը և բողոքարկման դիմումը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն։
34. Բողոքարկման հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով։ Բողոքարկման հանձնաժողովի աշխատանքային պայմանները ապահովում է Աշխատակազմը։
35. Բողոքարկման հանձնաժողովը գրավոր աշխատանքը վերստուգում է միայն բողոքարկման դիմումի հիմքերի սահմաններում։
36. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։
37. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են։ Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում /www.court.am, «Նորություններ» բաժնում/։
38. Բողոքարկման հանձնաժողովի գնահատականը վերջնական է։ Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված հիմքերով և կարգով։
IV. Քննական աշխատանքների միավորների
հաշվարկման կարգը և նվազագույն անցողիկ միավորը

39. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգումներին մասնակցող հավակնորդի վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը` առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ։ Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաև երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում` չորս ստուգողների նշանակած գնահատականները։
40. Եթե գնահատման հանձնաժողովն անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում` չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով։
Հավակնորդի հանրագումարային միավորը հրապարակելիս հրապարակվում է նաև յուրաքանչյուր խնդրի համար ստացած գնահատականը։
41. Բողոքարկման դեպքում հավակնորդի վերջնական գնահատականը հաշվարկվում է բողոքակման հանձնաժողովի կողմից։
42. Գրավոր քննության ընդհանուր արդյունքներով նվազագույն անցողիկ միավոր է համարվում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդներից վերջինի` բայց ոչ պակաս, քան 60 միավորը։ Հավասար նվազագույն անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում։

V. Արդարադատության խորհրդում հարցազրույցի
կազմակերպումը

43. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ստացած հավակնորդներին Աշխատակազմը տրամադրում է նոր վկայական, որը ներառում է «ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ» անվանումը, հավակնորդի անուն-ազգանունը, լուսանկարը, հարցազրույցի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին նշումը, ինչպես նաև վկայականի համարը։ Վկայականը ստորագրում է Աշխատակազմի ղեկավարը, այն կնքվում է Աշխատակազմի կնիքով։
44. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ստացած հավակնորդները ներկայանում են Հարցազրույցի անցկացման վայր անձնագրով և վկայականով։
Անձնագիր և վկայական չներկայացրած հավակնորդի մուտքը հարցազրույցի արգելվում է։
45. Հավակնորդին արգելվում է իր հետ հարցազրույցի տանել փաստաթղթեր, համակարգիչներ, այլ էլեկտրոնային սարքավորումներ։
46. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է։
47. Հարցազրույցի ընթացքը կազմակերպում են Աշխատակազմի ղեկավարը և նրա կողմից լիազորված Աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք կրում են տարբերանշան։ Հարցազրույցին (բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են լինել և դրանց ընթացքին` առանց հարցազրույցի գործընթացին միջամտելու, հետևել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նշանակած 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչև 3 փաստաբան և որակավորման ստուգման անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության։ Չլիազորված անձանց մուտքը հարցազրույցի արգելվում է։
48. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդում հարցազրույցն ընթանում է ՀՀ դատական օրենսգրքի 116.1-րդ հոդվածով սահմանված կարգով։
49. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Աշխատակազմի կողմից։

ՀԻՇԵՑՈՒՄ

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման ստուգման համար փաստաթղթերը ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ` (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից` մեկամսյա ժամկետում։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին`
Հ/Հ` 900005163671
Բանկ` ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող` ՀՀ պետական բյուջե.
Նպատակը` «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննությունների համար»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել