Անշարժ գույքին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում գտնվում է տվյալ անշարժ գույքը:
Իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը որևէ իրավունք տրամադրելը կամ նրա վրա որևէ պարտականություն դնելը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:
Ֆիզիկական անձին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում հաշվառված է կամ մշտապես կամ առավելապես բնակվում է տվյալ անձը:
Եթե որևէ հարցի լուծում վերապահված է միաժամանակ երկու և ավելի վարչական մարմինների իրավասությանը, ապա իրավասու է այն վարչական մարմինը, որին անձը դիմել է, կամ որի նախաձեռնությամբ պետք է լուծվի այդ հարցը:
Անմիջականորեն սպառնացող վտանգի կամ վնասի առաջացման դեպքում վարչական մարմինների անհապաղ լուծումը պահանջող հարցերը վերապահվում են այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում առաջացել է այդ իրավիճակներով պայմանավորված գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքին հարում է այդ տարածքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Այլ օրենքներով գործերի տարածքային ենթակայության այլ կարգ սահմանված լինելու դեպքում գործում է այդ օրենքներով սահմանված կարգը: