Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար գանձվում է պետական տուրք 10 000 ՀՀ դրամի չափով:
Օդային ուղևորների ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցումն իրականցվում է միայն պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պետական տուրքի վճարումը, վճարողի հայեցողությամբ, կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, ինչպես նաև օդանավակայաններում գործող արտարժույթի առք ու վաճառք կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող անձանց մոտ (այսուհետ` բանկ)`
ա) մինչև օդային փոխադրումների տոմսի գնելը, կամ
բ) օդային փոխադրումների տոմսի վաճառքից հետո` մինչև օդանավակայանում գրանցումը, կամ
գ) օդանավակայանում գրանցման ժամանակ` օդանավակայանում տեղաբաշխված բանկերի միջոցով:
Օդային փոխադրումների վաճառք իրականացնող ընկերությունները վաճառքի իրականացման վայրում, տեսանելի տեղում փակցվում են պետական տուրքի գանձման կարգի վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով, և այդ մասին տեղյակ են պահում օդային փոխադրումների տոմսեր ձեռք բերող անձանց:
Պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացման համար բանկերը հարկային մարմնին են ներկայացնում դիմում:
Պետական տուրքի վճարման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած բանկից լիազորված անձին` անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ: Պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացումը հաստատվում է անդորրագրերով :
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված` պետական տուրքից ազատված անձանց Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցման ժամանակ գրանցող (պետական տուրք գանձող) պաշտոնատար անձի կողմից լրացում է արտոնության հավաստագիր, որը ստորագրվում և թողնվում է գրանցումն իրականացնող ընկերության մոտ: