Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում

Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է: Աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում:

Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով ս.թ. հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում, մասնավորապես․ Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել էր նաև, որ վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական  չլինի:

«Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չի իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել: Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաև գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով և, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին  մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ: Եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձևը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, և խստորեն հետևենք որակին» ,-ընդգծել է փոխքաղաքապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել