Ամուսնությունը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել, եթե այն կնքվել է օրենքով սահմանված պայմանների խախտմամբ կամ երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):
Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Այսպես.
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 23 հոդվածի` ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են ոչ թե ընդհանուր, այլ բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։
Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած ամուսնական պայմանագիրը, որպես կանոն, ճանաչվում է անվավեր:
Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա։
Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։
Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։