Ապացույցներ են հանդիսանում վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:
Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:
Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց` հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք։
Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է: