Պարեկային ծառայողի՝ քաղաքացուն դիմելու կարգն ու տոնայնությունը՝ ըստ կանոնագրքի

Ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի 36-Լ հրամանով հաստատվել է ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը։

Iravaban.net-ը հայտնում է, որ կանոնագրքի 5.3 մասով սահմանված է պարեկային ծառայողի՝ քաղաքացուն դիմելու կարգն ու տոնայնությունը։

Պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս հայտարարությունների հետ կապված: Եթե քաղաքացու հարցադրումը դուրս է պարեկային ծառայողի իրավասությունների շրջանակից, ապա պարեկային ծառայողը, չանտեսելով նրան, պետք է քաղաքացուն օգնի խորհրդով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացատրի, թե ուր է պետք դիմել՝ դրված հարցը լուծելու համար:

Քաղաքացիներին դիմելիս անթույլատրելի են՝

1) արհամարհական տոնը, կոպտությունը, գոռոզությունը,

2) դիտողությունների հեգնական կամ անքաղաքավարի շարադրումը,

3) մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կամ ռեպլիկները,

4) սպառնալիքները, խրատները կամ անարդարացի նախատումները,

5) անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը.

6) սպառնացող կամ վիրավորող ժեստերն ու նշանները:

Քաղաքացիների հետ զրուցելիս պարեկային ծառայողները պարտավոր են դրսևորել հանգստություն և խոհեմություն: Նրանք չպետք է կոպտությանը կոպտությամբ պատասխանեն և իրենց գործողություններում առաջնորդվեն անձնական անբարյացակամ զգացմունքներով:

Երբ իրավախախտում կատարած անձը ոստիկանի դիտողություններին գրգռված է արձագանքում, ապա պետք է նրան ժամանակ տալ հանդարտվելու և բացատրություն խնդրել՝ նրա հակաիրավական գործողությունների վերաբերյալ: Պարզաբանել նրա վարքի հակաօրինական բնույթը՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին:

Դեռահասների հանդեպ պարեկային ծառայողները պետք է վարվեն նույնքան հարգալից, որքան մեծահասակների հանդեպ: Երեխաներին դիտողություններն արվում են՝ հաշվի առնելով նրանց հոգեբանությունն ու ընկալելու հնարավորությունը:

Պարեկային ծառայողը պետք է մշտական կապի մեջ լինի իր գործողությունների տարածքում բնակվող բնակչության հետ, երկխոսության մեջ մտնի կուտակումների վայրում գտնվող մարդկանց հետ (զբոսայգիներում, պուրակներում, մետրոպոլիտենի մուտքերի մոտ), լինի բարյացակամ և պոզիտիվ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել