Ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի 36-Լ հրամանով հաստատվել է ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը։
Iravaban.net-ը հայտնում է, որ կանոնագրքի 5.4 մասով սահմանված են պարեկային ծառայողի ծառայության ընթացքն այլ անձանց կողմից տեսաձայնագրելու կամ լուսանկարահանելու հետ կապված իրավիճակների ընդհանուր կանոնները։
– Սահմանված է․ որ պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները՝ նկատի ունենալով մարդու՝ ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է։
– Բացառություն կարող է արվել, եթե այդպիսի գործողությունները՝
1) ողջամտորեն խախտում են այլ անձանց իրավունքները (օրինակ՝ այլ անձի անձնական տվյալներն առանց վերջինիս համաձայնության հասանելի է դարձնում անորոշ թվով անձանց և այլն),
2) խոչընդոտում են ծառայողական պարտականությունների իրականացմանը (օրինակ՝ դեպքի վայրում ապացույցների նկարահանումները և այլն),
3) վտանգում են նկարահանողի կամ այլ անձանց կյանքը կամ առողջությունը (օրինակ՝ ճանապարհի երթևեկելի բանուկ մասերում է իրականացնում նկարահանումը և այլն)։
– Նման դեպքերում պարեկային ծառայողը կարող է պահանջել այդ անձանցից տեսաձայնագրումը, լուսանկարահանումը կամ ուղիղ հեռարձակումը իրականացնել առավել մեծ հեռավորությամբ կամ ցանկացած այլ պայմաններում, որպեսզի չառաջանա վերոնշյալ կետով նկարագրված պայմաններից մեկը։