Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին:
Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`
1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):
Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:
Երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` «Կայանման տեղ» նշանի և «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:
Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:
Կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար: