Ի՞նչ հետևանքներ են առաջանում, եթե հայցը կամ դիմումը թողնվում է առանց քննության

Քաղաքացիական գործերի քննության ժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, Դատարանը կայացնում է որոշում` հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:

Դատարանի որոշման մեջ պետք է լուծվի գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու հարցը:

Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում: Հարկ է նշել, որ գործին մասնակցող անձինք չեն կարող հստակ իմանալ, թե հայցվորը ե՞րբ է ստացել որոշումը, այդ իսկ պատճառով նրանք կարող են բողոքարկել որոշումը իրենց ստանալուց հետո եռօրյա ժամկետում՝ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը:

Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:

Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:

Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել