«Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և սահմանին իրավիճակի սրումից»,- այսօր՝ մայիսի 17-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Ցավոք, վերջին շրջանում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի մոտ հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։ Իրավիճակն այժմ կայունացել է»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական և դիվանագիտական ոլորտում՝ դիվանագիտական մեթոդներով. «Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման ժամանակ»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:
Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։