Հանցագործությունների բացահայտման և քննության ընթացքում` պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում այնպիսի հարցերի պարզաբանման, որոնց համար պահանջվում են հատուկ գիտելիքներ՝ կախված գիտության տարբեր ոլորտներից. տեխնիկայի, մշակույթի կամ արվեստի բնագավառներից: Նման դեպքերում հետաքննություն իրականացնող մարմինը, քննիչը, դատարանը դիմում են նման գիտելիքներ ունեցող անձանց (մասնագետի)՝ իրենց առջև ծագած հարցերի պարզաբանման համար:
Մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս: Մասնագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
Քրեական գործի վարույթի ընթացքում իրավաբանական հարցերով մասնագետ չի ներգրավվում: Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:
Մասնագետը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝
1) առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.
2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու թարգմանիչ կամ մասնագետ.
3) դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ.
4) գտնվում է կողմից, նրա օրինական ներկայացուցչից կամ ներկայացուցչից ծառայողական կախվածության մեջ.
5) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:
Որպես մասնագետ՝ անձի նախորդ մասնակցությունը գործին, քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: