Վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
զ) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:
Եթե վարչական ակտի համար օրենքով նախատեսվում է մուծել պետական կամ տեղական տուրք կամ կատարել այլ պարտադիր վճարում, ապա պետք է ներկայացվի նաև մուծման կամ վճարման կատարումը հավաստող փաստաթուղթ:
Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
Վարչական մարմնում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն հոդվածի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են վերը նշված «ա», «բ» և «դ» կետերով նախատեսված տեղեկությունները, և օրենքը չի պահանջում, որ դիմումը ներկայացվի վերոնշյալ բոլոր կետերի պահպանմամբ: