Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը վարչական դատավարությունում

Վարչական դատարանում գործերի քննության կարգը սահմանվում է վարչական դատավարության օրենսգրքով համաձայն որի`վարչական դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա, բացառությամբ Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ որոշակի գործեր քննվում են կոլեգիալ։

Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ վարչական դատավարության օրենսգրքով։

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով։ Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը։

Կոլեգիալ կարգով դատական ակտ կայացնելիս որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց։ Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը։ Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը։

Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին։ Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը, և դա կցվում է գործին։ Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում։ Հատուկ կարծիքը տրամադրվում է դատավարության մասնակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել