Սերժ Սարգսյանը պարգևատրվել է

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար. Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը և հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը:Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի և կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:

Իր ելույթում  Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգևի համար և խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել