2022թ. պետական գույքի կառավարման արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել է 8.9 մլրդ ՀՀ դրամ

Գործադիրը որոշում է ընդունել պետական գույքի կառավարման 2021-2023թթ. ծրագրի կատարման 2022թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: Ըստ որոշման՝ հաշվետվությունն ընդգրկում է 2022թ. ծրագրի շրջանակում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են 3 առևտրային կազմակերպության պետական բաժնեմասերը, օտարվել է 17 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ այս գործառույթների արդյունքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ ՀՀ դրամ, որից 7.6 մլրդ ՀՀ դրամը՝ պետական բյուջե, 1 մլրդ ՀՀ դրամը՝ համայնքային բյուջեներ, մնացածը՝ ՊՈԱԿ-ների բյուջեներ: Մնացած ուղղություններով բյուջետային մուտքերը կազմել են մոտ 11.2 մլրդ ՀՀ դրամ: Նախարարը նշել է, որ 2022թ. օտարվել է 20.7 մլրդ ՀՀ դրամի գույք, բայց կան նաև գույքեր, որոնք օտարվել են հնգամյա վճարման գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում առաջիկա տարիներին ոչ միայն այս գումարներն ըստ գրաֆիկի կմուտքագրվեն բյուջե, այլև ընկերությունները պարտավորվել են 83 մլրդ ՀՀ դրամից ավելի ներդրումներ իրականացնել և աշխատատեղեր ստեղծել: Հաշվետու ժամանակաշրջանում 16 միավոր տարածք է տրամադրվել պետական այն գերատեսչություններին, որոնք այլ մասնավոր տարածքներում վարձավճարով են աշխատել. գործընթացի արդյունքում մոտ 60 տոկոսով կպակասի պետական բյուջեից այլ տարածքների համար վճարվող գումարը: Իրականացվել են նաև մի շարք իրավական բարեփոխումներ՝ ընդունվել են պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ներդրվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման նոր համակարգ, մշակվել և Կառավարություն են ներկայացվել ներդրումային պարտավորությունների հսկողության, պետական գույքի վարձակալության, պետական գույքի անհատույց տրամադրման նոր կարգերը և այլն:

Վարչապետը նշել է, որ հաշվետվությունը բավական տպավորիչ ցուցանիշներ է պարունակում և անդրադարձել դրանցից մի քանիսին: «Ես, օրինակ, հետևյալ տվյալը կուզենայի նաև հրապարակել, որը, կարծում եմ, նույնպես սկզբունքային է: Օրինակ, վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները 2022թ. աճել են 67.7 տոկոսով, այսինքն, որ մենք պետական գույքը վարձակալությամբ տվել ենք, դրանից ստացվող գումարների մուտքը պետբյուջե: Բայց շատ կարևոր է նաև հետևյալը, որ պետական սեփականություն հանդիսացող 16 տարածքներ տրամադրվել են մասնավոր անձանցից տարածք վարձակալող պետական մարմիններին: Տվյալ մարմինների տեղափոխության արդյունքում առաջիկա տարիներին պետական բյուջեից հատկացվող վարձավճարները կկրճատվեն շուրջ 60 տոկոսով: Այսինքն՝ մենք, մի կողմից, ավելացնում ենք պետական տարածքներից ստացվող եկամուտները, մյուս կողմից՝ կրճատում ենք պետության կողմից վարձակալության համար տրվող գումարները:

Եվս մի քանի ցուցանիշներ. պետական գույքի հետ կապված գործառնություններից ընդհանուր բյուջետային մուտքերը 2022թ. կազմել են 8.9 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 410 տոկոսով: Պետական բյուջեի մուտքերն աճել են 456.6 տոկոսով՝ կազմելով՝ 7.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ համայնքային բյուջեի մուտքերն աճել են 342 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ դրամ: Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների օտարումից ստացած միջոցները կազմել են 3 մլրդ 291 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը՝ 372 տոկոս: Պետական սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 4 մլրդ 14 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը՝ 1370 տոկոս: Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձավճարների գծով մուտքերը կազմել են 318 մլն 577 000 ՀՀ դրամ, աճը՝ 118 տոկոս: Օտարված պետական գույքի ընդհանուր արժեքը կազմել է 20.7 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ 5 տարվա միջին ցուցանիշը շուրջ 20 անգամ: Եվս մեկ ցուցանիշ՝ 102 ավտոմեքենա է օտարվել: Այստեղ էլ խոսել ենք, գիտեք, որ պետական համակարգի մեքենաները կամ կրճատվում են, կամ դուրս են գրվում: Շատ կարևոր է, որ այս գործընթացն էլ հնարավորինս արագ կազմակերպվի, որովհետև որքան երկար այդ մեքենաները կանգնում են մեր կայանատեղիներում, այնքան գներն ընկնում են, էլ չենք ասում, որ հետո պարզվում է՝ ուրիշ գործողություններ են տեղի ունենում դրա հետ կապված»:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցադրման, մանրամասներ է ներկայացրել օտարման գործընթացի իրականացման մեխանիզմների մասին: Նա նշել է, որ էականորեն աճել է պետական գույքի օտարման աճուրդների և մրցույթների մրցակցության մակարդակը, որի արդյունքում թե՛ անշարժ, թե՛ շարժական գույքն օտարվում է մեկնարկային արժեքից բավական բարձր գնով: Ակնկալվում է մինչև տարեվերջ ունենալ պետական գույքի օտարման, վարձակալության տրամադրման ավտոմատացված գործընթաց, ինչի արդյունքում ներդրողների շփումը պետական մարմինների հետ կհասցվի նվազագույնի:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական գույքի օտարման կարևորությանը, նշել է. «Միանշանակ լավ է պետական գույքի օտարումը՝ ինչո՞ւ, որովհետև օտարվում է պետական այն գույքը, որն այս պահին կոնկրետ արդյունք և արժեք չի բերում պետությանը: Այսինքն՝ մենք ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, շենքեր և շինություններ, որոնք միակ բանը, որ անում են, արևի, անձրևի, քամու ազդեցության ներքո մաշվելն է, և մենք այն պետք է օտարենք: Այստեղ կկարևորեմ ոչ միայն այն գինը, որ ձեռք բերողները վճարում են պետությանը, այլև այն ներդրումային ծրագիրը, որ նրանք այնտեղ իրականացնում են»: Վարչապետն ընդգծել է՝ ներդրումային պարտավորությունների նկատմամբ պետք է պատշաճ վերահսկողություն իրականացվի, և գործուն մեխանիզմներ ներդրվեն: Այս առումով Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ համապատասխան նախագիծն արդեն քննարկվում է Կառավարությունում, որով ակնկալվում է առաջիկայում ներդրումային պարտավորությունների վերահսկողության հստակ և հասկանալի մեխանիզմների գործարկում:

Այս առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսինքն՝ այն նույն մեխանիզմը, որ ներդրումային ծրագրերի համար ունենք, դնում ենք, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, երբ գույքը ձեռք բերվի, ներդրումային պարտավորությունները չկատարվեն, և այդ գույքի հետ այլևս որևէ բան տեղի չունենա: Ընդհուպ որոշակի զարգացումների դեպքում, ներդրումային պարտավորությունների չկատարելու դեպքում կարող է նաև գործարքը չեղարկվել, գույքը հետ վերցվել, և սա շատ կարևոր գործընթաց է: Մենք այս թեմայի վրա շատ երկար ենք աշխատում և շատ ենք չարչարվել, որովհետև, իհարկե, պետական գույքի կառավարումը պետք է պետական բյուջեի եկամտային մասի շատ էական հոդված դառնա: Տեղյակ եք նաև՝ քանի անգամ է եղել, երբ թվում էր, թե մեծ հետաքրքրություն ներկայացնող գույք ենք հանել մասնավորեցման, վաճառքի, բայց որևէ հետաքրքրություն չի եղել, ստիպված ենք եղել ժամկետ երկարացնել: Այս ընթացքում հետազոտելով պատճառները, պրոբլեմները՝ անընդհատ փորձել ենք մեխանիզմները լավարկել այնքան, որ իրական աշխուժություն լինի, և նաև, իհարկե, տնտեսական ակտիվությունը դրան նպաստել է: Ես հույս ունեմ, որ, ինչպես պարոն Ավետիսյանը նշեց, իսկապես մի մեխանիզմ է գործարկվել, որը պիտի հաստատուն կերպով պետական բյուջեին եկամուտներ բերի: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ պետական գույքի ոչ միայն մասնավորեցումից, այլև վարձակալությունից և նաև ներդրումային աշխուժությունից, որն իր հերթին պետական բյուջե հարկային եկամուտներ կբերի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել