Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հանաձայն՝ որոշումն ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կկիրառվի 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իր և իր ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի մասով:
Հավելենք, որ Հարկային օրենսգրքի 147․1 հոդվածի համաձայն սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը:
Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:
ԿԱՐԳԸ
1․ Սույն կարգով կարգավորվում են հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը, բայց ոչ ավելի, քան դրանց համար Կառավարության սահմանած առավելագույն չափերով, եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապված հարաբերությունները:
2․ Սույն կարգի գործողությունը տարածվում է Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։
3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները՝ Կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով Օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:
4․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով, հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են՝
1) Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները,
2) Օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները,
3) Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները։
5. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով։
6․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում, Կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` Օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:
7․ Սույն կարգի 6-րդ մասով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: Միասնական հաշվից փոխհատուցման ենթակա գումարների վերադարձը կատարվում է Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված կարգով։