Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ կսահմանվեն

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ։ Նշվում է, որ կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին ավարտված դատական գործերի ցուցանիշների համաձայն վարչական դատարանների կողմից կայացված որոշումների գերակշռիռ մասը կայացվել է ի օգուտ տնտեսվարողի, և ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված որոշումների և դատարանների կողմից կայացված որոշումների միջև առկա շեղումները կարող են պայմանավորված լինել որոշակի հանգամանքներով, ուստի Արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետով հանձնարարվել է  դատական համակարգի հետ ցուցանիշների միջև առկա շեղումների խնդրի կարգավորման շրջանակներում իրականացնել քննարկումներ և վեր հանել հնարավոր խնդիրները:

ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է ստվերային տնտեսության դեմ պայքարի հետևողական քաղաքականություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հարկային հսկողության արդյունքներով՝ աշխատողների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չլինելու դեպքում փաստացի աշխատանք կատարելու դեպքեր հայտնաբերելիս ապացուցողական բեռը շատ բարդ է` անհրաժեշտություն է առաջացել որպես հարկային հսկողության հարակից ընթացակարգի տեսակ սահմանել տեսանկարահանումը հարկային հսկողության ընթացքում՝ հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող  հանգամանքները հիմնավորելու նպատակով։

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և/կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգման արդյունքում կազմված վարչական ակտերի գերակշիռ մասը դատական կարգով վիճարկման արդյունքում ճանաչվում է անվավեր: Որպես կանոն անվավեր ճանաչվելու հիմքում դրվում է այն փաստը, որ չի հիմնավորվում աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու պայմաններում աշխատողների փաստացի աշխատանք կատարելու  փաստը:

Գործող իրավակարգավորումների համաձայն հարկային հսկողության ընթացքում կարող է տեսաձայնագրում կիրառվել բացառապես  հարկային հսկողության համար նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման նպատակով  հարկ վճարողի տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, փաստաթղթերի և առարկաների զննման շրջանակում, այն էլ՝ հարկ վճարողին նախապես գրավոր ծանուցելուց հետո միայն (ՀՕ 354 հդ․)։ Ուստի,  տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր կիրառելը ներկա իրավակարգավորումների պարագայում կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 31-րդ հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ։

Ներկա վիճակում տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով առաջարկվում են նոր մոտեցումներ։ Անհրաժեշտությունը հիմնավորվում է ինչպես միջազգային փորձով, այնպես էլ առկա իրավակիրառ պրակտիկայում առաջացած  խնդիրները լուծելու նպատակով, մասնավորապես՝ ներկայումս իրավակիրառ պրակտիկայում զգալի թիվ են կազմում ընթացակարգային խախտումների վերաբերյալ հարկատուների բողոքները, ինչպես նաև դեպքերի զգալի մասով անհնարին է լինում ապահովել ապացույցների այնպիսի փաթեթ, որը կբարարարի վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել