Հրապարակվեցին Անդրանիկ Փիլոյանի գործով արված գաղտնալսումները․ ՀՀ ազգային հերոսը հայտարարություն արեց դատարանում

Հակակոռոպցիոն քրեական դատարանում այսօր՝ մայիսի 5-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին (կալանավորված)։

Iravaban․net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի սկզբում դատավորը հայտարարեց, որ երեկ դատարանը գրություն է ստացել Վիգեն Գրիգորյանին «Արմենիա» ԲԿ տեղափոխելու և համապատասխան հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ․ «Գրություն եմ ուղարկել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի վերջինս ներկայացվի բժշկական հաստատություն»։

Այնուհետև դատարանում շարունակվեց ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանն ընթերցեց գաղտնալսված ձայնագրությունների, ներքին դիտումների սղագրությունները։ Դրանցից մեկը վերաբերում էր Անդրանիկ Փիլոյանի, ԱԻՆ աշխատակից Վիգեն Մկրտչյանի և նախարարի մտերիմ Վիգեն Գրիգորյանի միջև՝ Փիլոյանի աշխատասենյակում տեղի ունեցած խոսակցությանը։

Հիշեցնենք, որ գործի նյութերի համաձայն՝ ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վիգեն Մկրտչյանն իր ծանոթ Արթուր Օհանյանի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է Փիլոյանին, որն ընդունել է այդ առաջարկը: Արթուր Օհանյանի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վիգեն Մկրտչյանն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն: Նշված ձուլակտորը հայտնաբերվել է Անդրանիկ Փիլոյանի բնակարանում։

Հրապարակված ձայնագրությունը վերաբերում է այդ ենթադրյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի ընթացքում քննարկվում է նաև ենթադրյալ կաշառքի չափը։ Անդրանիկ Փիլոյանը նշում է, որ միջոցների բացակայության պայմաններում ստիպված է կանգնեցնել իր տան շինարարությունը, Վիգեն Գրիգորյանը նրան խնդրում է չանհանգստանալ՝ ասելով, որ ինքը կշարունակի։ Ձայնագրությունը մոտ 22 րոպե է տևել։

Հաջորդ ձայնագրված խոսակցությունը, որի սղագրությունները հրապարակեց դատախազը, տեղի է ունեցել Անդրանիկ Փիլոյանի և նրա խորհրդական Աշոտ Հակոբյանի միջև՝ նախարարի աշխատասենյակում։ Գործի նյութերի համաձայն՝ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հրաչյա Երեմյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Փիլոյանին հայտնել է 960 000 դրամին համարժեք 2 հազար դոլար կաշառք տալու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Փիլոյանը համաձայնեցրել է կաշառքը ջեռուցման կաթսայի և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալների տեսքով ընդունումը։ Երեմյանը «Իդեալ» համակարգի խանութ-սրահներից մեկից շուրջ 644 հազար դրամ արժողությամբ Baxi կաթսա է ձեռք բերել և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալներ։ Միայն կաթսան, արժեքը զեղչված, կազմել է շուրջ 341 հազար։ Երեմյանն այս ամենը պահել է իր ավտոտնակում՝ հետագայում Փիլոյանին փոխանցելու համար։

Որոշ ժամանակ հետո Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը ձեռնամուխ է եղել ջեռուցման կաթսան Անդրանիկ Փիլոյոնի որդու և դստեր անվամբ ձեռք բերված բնակարան տեղափոխելու և տեղադրելու գործընթացն իրականացնելուն։ Ընթացքում Հակոբյանը պարզել է, որ Հրաչյա Երեմյանն ուռճացրել է կաթսայի գինը ու դրա մասին հայտնել է Փիլոյոնին, ինչն էլ առաջացրել է վերջինիս զայրույթը։

Անդրանիկ Փիլոյան։ Ա չէ, նորմալա։ ես դրան նոր չեմ ճանաչում։ Նախ առաջինը ես քեզ ասեմ՝ ես դրան փող չեմ տվել, ես իրանից ոչ մի բան չեմ ուզել։

Աշոտ Հակոբյան։ Ինքը սաղ պատմեց ինձ։

Անդրանիկ Փիլոյան։ Ես իրանից ոչ մի բան չեն ուզել։ Ինքը պրոստը եկելա, բանա․․․էն նախկին վարչության պետը մարդա խնդրել նշանակելու, ես չեմ ասել՝ ինչքան ես տվել։ Ինքը ասելա՝ էսքանա տվել, էնքանա տվել։ Ես չգիտեմ՝ ինչի համարա էդքանը ասել, չկարծես, որ ես չեմ իմացել, որ ինքը էդքան չի տվել։

Աշոտ Հակոբյան։ Հիմա ես մի հատ բան ասեմ։ Կամ ես պիտի չխառնվեմ ոչ մի բանի մեջ, կամ եթե խառնվեմ մի բանի մեջ, ոնց որ իմ ընտանիքի հարազատներից մեկին կորցնեմ։

Անդրանիկ Փիլոյան։ Ուղղակի գիտե՞ս ինչ կա։ Ես մոտավորապես պատկերացրել եմ, ես մոտավորապես գիտեմ, թե ինքը ինչ կարգի մարդա։ Նենց չի, որ չգիտեմ, ցավդ տանեմ։ Ես չեմ կարա համեմատականներ անեմ, հասկանո՞ւմ ես։

Աշոտ Հակոբյան։ Ես չեմ կարա ուրիշ ձև։ Տեղական մի հատ հիմար ցեխա արտադրում էդ տրուբեքը, թուղթա։

Անդրանիկ Փիլոյան։ Ասումա՝ որակովնա, ամենա որակովնա։

Աշոտ Հակոբյան։ Պարոն նախարար, էդ Baxi-ն, ես իրան ասի՝ Հրաչ, ինչ կա, էս էտի պտի ասեմ։ Ինքը ասեց՝ 500 հազար ես իրանից վերցրել եմ Baxi-ն։ Ծխատարը, ես իրանից վերցրել եմ ալյումինի 22 հազարանոց սուշիլկա, որը 60 հազար դրամա հաշվում Ձեր վրա։ 22 հազար դրամ 700 դրամ էր, էն վախտ ավելի էժանա եղել, քան թե հիմա, որովհետև ապրանքի ճանապարհածախսը թանկացելա։

Անդրանիկ Փիլոյան։ Դե հիմա, ինքն իրա գլխին սարքելա։

Աշոտ Հակոբյան։ 860 հազարի 30 տոկոսը զեղչ են արել, էսի գնացելա։

Անդրանիկ Փիլոյան։ Մի րոպե, դրա փողն ովա՞ տվել։

Աշոտ Հակոբյան։ Էնքան փողա տվել․․․

Անդրանիկ Փիլոյան։ Էդքան փողա տվե՞լ։

Աշոտ Հակոբյան։ Հիմա տեսեք, պարոն նախարար։ Baxi-ի գինը 334 հազարա, առանց զեղչ։ 30 տոկոս էլ զեղչ, ասումա՝ ակցիայա։ Ակցիան լինումա ամառը։ 334 հազար Baxi-նա, 22700 դրամ՝ սուշիլկեն, ծխատարը՝ 16 հազար։ Սաղ իրար հետ 360 հազար դրամա։ 860 հազար դրամ Ձեր վրա փողա հաշվել։ Ձեզ ասելա 860 հազար դրամ, չէ՞

Անդրանիկ Փիլոյան։ Հա։

Աշոտ Հակոբյան։ 860 հազար դրամից հանել եմ էսօրվա գները, որ խանութում կա։ Առանց զեղչի։ 400 հազար, 350 հազար, 500 հազար դրամ ինքը պտի բերի Ձեզ փող տա։ 510 հազար դրամ։ Կաթսան վերցնում եմ, սուշիլկեն վերցնում եմ, 16 հազարն էլ ծխատարնա։ Ասի՝ 300 հազար նախարարին փող կտաս։ Ասումա՝ էս տրուբեքը լավնա։ Սեկցիաները ինքը ասումա տվելա 5000, խանութում դա 3300 դրամա։ Ասեցի՝ կտանես ամբողջը հետ կտաս։

Այնուհետև Անդրանիկ Փիլոյանը ասել է Աշոտ Հակոբյանին, որ ինքը այսպես, թե այնպես չի վստահել Հրաչյա Երեմյանին։ Այնուհետև Հակոբյանը նշել է, թե Երեմյանին կասի, որ վերջինս Փիլոյանին 500 հազար դրամ տա, սակայն Փիլոյանն ասել է՝ պետք չի, որ ասի։ Նախարարն ասել է նաև, որ Երեմյանի համար խնդիր է լուծել, սակայն նա սրիկայություն է արել։

Ինչպես Հրաչյա Երեմյանը, այնպես էլ Անդրանիկ Փիլոյանը դատարանում պնդեցին, որ Baxi կաթսաները ոչ թե կաշառք են եղել, այլ վերջինս Անդրանիկ Փիլոյանի տված գումարով է դրանք գնել։ Գնի տարբերության մասին խոսելիս ամբաստանյալը նշեց, որ չի իմացել, թե դրանք ոչ թե իտալական, այլ չինական են։ Բացի այդ, վերջինս գները նկարել և Telegram-ով ուղարկել է Անդրանիկ Փիլոյանին․ «Տարբերություն կարողա մի 50-60 հազարի լինի, ինչքան հիշում եմ»։

Իր պատվի համար որոշել է պակասորդը վերադարձնել Փիլոյանին։

Դատարանում հայտարարության արեց նաև ինքն՝ Անդրանիկ Փիլոյանը։

«Այդ պահին ես գումար չեմ ունենում, որ տղայիս տան վերանորոգումն ավարտեմ, ասում եմ՝ տարեք, իմ գնած Baxi-ն տեղադրեք տղայիս տանը։ Եվ երբ Աշոտ Հակոբյանը գալիս, ինձ զեկուցում է, որ նման խնդիր կա, որ ինքը խաբել է, չգիտեմ ինչ․․․ես խոսակցության մեջ ասում եմ չէ՞՝ վստահում եմ մարդկանց, վստահությունն ինձ համար ամենա կարևորն է, որպեսզի Աշոտ Հակոբյանն ավելորդ շարունակություն չտա, Հրաչյա Երեմյանից այդ տարբերությունը չպահանջի, ես ասել եմ՝ գումար չեմ տվել, բայց իրականում ես իրան գումարը տվել եմ։ Փորձել եմ Աշոտ Հակոբյանին ասել՝ գնա էն կողմ, գործ չունես։ Անգամ ես այդ խոսակցության մեջ եմ ասել՝ գործ չունես, շարունակություն մի տուր»,-հայտարարեց Փիլոյանը՝ հավելելով, որ գումարի կեսն անգամ իր վարորդի միջոցով է փոխանցել Հրաչյա Երեմյանին։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը նշեց, որ հիմնավորվել է և՛ կաշառք տալու, և՛ կաշառք ստանալու հանցակազմը։ Դատախազը նշեց, որ պնդումը, թե կաթսաների գումարը Անդրանիկ Փիլոյանն է տվել, չի հիմնավորվում խոսակցության հատվածներից մեկով, որտեղ Փիլոյանն ասում է, որ Երեմյանին փող չի տվել։

Նախկին նախարարը պնդեց՝ դա ասել է, որպեսզի «թեման փակվի»։

Աշխատանքային օրը մոտեցավ ավարտին և նիստը հետաձգվեց։ Դատալսումները կշարունակվեն մայիսի 12-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել