Էթիկան լուռ լեզու է, որ միջոցով կարելի է շատ բան հասկանալ մարդու մասին և շատ բան ասել ինքդ քո մասին: Մարդկային փոխհարաբերությունների էթիկայի կանոնները ձևավորվել են դարերի ընթացքում և ենթարկվել փոփոխության: Էթիկա տերմինը առաջին անգամ օգտագործվել է Արիստոտելի կողմից որպես «պրակտիկ» փիլիսոփայության հետազոտության յուրահատուկ ոլորտի անվանում, քանի որ այն փորձում է պատասխանել «Ի՞նչ պետք է անենք մենք» հարցին:
Էթիկայի, այսպես կոչված, «ոսկե կանոնն է»՝ «մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ցանկանում քեզ»:
Աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի պարտականությունն է նաև պահպանել այդ կազմակերպությունում ընդունված էթիկայի կանոնները:
Բազմաթիվ կազմակերպություններ ունեն հաստատված էթիկայի կանոններ, որոնք սահմանում են վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր: Մասնավոր կազմակերպություններում այդ կանոնները սահմանվում են գործատուի ներքին իրավական ակտերով: Էթիկայի նորմերը պարտադիր են՝ անկախ ցանկությունից, տրամադրությունից և հոգեբանական վիճակից` գիտակցելով այդ կանոնների անհրաժեշտությունը:
Հանրային ծառայողների էթիկայի կանոնները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:
Եվ ցանկացած միջավայրում փոխհարաբերվելիս պետք է հիշել նշանավոր իսպանացի գրող Սերվանտեսի խոսքը. «Ոչինչ քո վրա այնքան էժան չի նստում, և ոչ մի բան այնքան թանկ չի գնահատվում, որքան պահվածքը»: