Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`
1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
Նշված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ`
1) լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.
2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`
ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին,
բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին,
գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).
3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ.
4) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.
5) իրականացվում են ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ.
5.1) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ.
5.2) իրականացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների կամ բնապահպանական կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն ընդերքօգտագործող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ընդգրկված են սույն կետում նշված ստուգումներ իրականացնող մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.
6) ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում, կամ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն.
7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետային շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեություն.
8) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում.
9) ստուգումը նշանակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
Վերը նշված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:
Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև ստուգման հիմք հանդիսացող փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել: