Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը բխում է պետական դրոշների նկատմամբ միջազգայնորեն կիրառվող սկզբունքներից: Այն ներառում է պետական դրոշների հետ վարվելու ավանդական կանոնները, ինչպես նաև բովանդակում է գործածման համար սահմանված արգելքները:
Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում և իջեցվում է հանդիսավորությամբ: Իջեցվելիս դրոշը չպետք է դիպչի գետնին կամ որևէ այլ առարկայի` բացառությամբ ձեռքերի:
Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է միշտ բարձրացվի առաջինը, իսկ իջեցվի` վերջինը:
Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչև մայրամուտ, համապատասխան լուսավորության դեպքում դրոշը կարող է բարձրացված մնալ նաև գիշերային ժամերին:
Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և իջեցման ժամանակ բոլորը հոտնկայս` դեմքով շրջված են դեպի դրոշը:
Հայաստանի Հանրապետության դրոշը փոխանցվում է հանդիսավորությամբ, ձեռքից ձեռք` Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո: Փոխանցման ժամանակ դրոշը պետք է լինի մոտավորապես 75 աստիճան անկյան տակ: