Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լևոն Առաքելյանին դատապարտել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարվելու համար:
Ամբաստանյալ Լևոն Առաքելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 01.12.2011թ-ից պատիժ կրելու ընթացքում ծանոթացել և մտերմություն է արել դատապարտյալ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Նիկոլի հետ, ով 2012թ. մայիսի ամսին «Կոշ» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել: Ինքը սկզբնական ժամանակաշրջանում օգտվել է Նիկոլի բջջային հեռախոսից, սակայն իր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ տեղափոխվելուց շուրջ քսան օր անց Նիկոլի բջջային հեռախոսը հայտնաբերվել և առգրավվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից:
Հետագայում Նիկոլը ձեռք է բերել մեկ այլ բջջային հեռախոս, ինքը նրան է տվել իր մոտ եղած բջջային հեռախոսի քարտը, որը տեղադրել են այդ հեռախոսի մեջ և այն օգտագործել են երկուսով: Այդ հեռախոսով «odnoklassniki.ru» սոցիալական կայքում Նիկոլը` «Արման Կարապետյան» անվամբ բացված էջով ծանոթացել ու շփվել է քաղաքացուհի Նելլի Մկրտչյանի հետ: Ինքն էլ շփվելով Նելլի հետ, սկսել է նրան զանգահարել և խոսել նրա հետ նաև հեռախոսով: Իրենց մեջ առաջացել է մտերմիկ հարաբերություն և որոշ ժամանակ անց Նելլին հայտնել է իր իրական անուն ազգանունը: Վերջինս իր խնդրանքով քրեակատարողական հիմնարկ է ուղարկել բջջային հեռախոսի քարտեր և ինքն ու Նիկոլն օգտագործել են նաև այդ քարտը: Նելլին իր կամքով իրեն` քրեակատարողական հիմնարկ ուղարկել է նաև ուտելիքով ծանրոցներ:
Ամբաստանյալի խոսքով` ինքը գործով տուժող Կարինե Հովհաննիսյանին չի ճանաչում, նրա հետ ոչ «odnoklasniki.ru» սոցիալական կայքի, ոչ էլ հեռախոսազանգերի միջոցով կապ չի պահպանել ու նրա հետ չի շփվել, նրանից խաբեությամբ գումարներ չի հափշտակել:
Դատարանը գտնել է, որ ամբաստանյալի դատաքննության ընթացքում բերված պատճառաբանությունները այն մասին, որ Կարինե Հովհաննիսյանից գումարներ հափշտակել է ոչ թե ինքը, այլ «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրող Նիկոլը, կրում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ:
Դատարանը Լևոն Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կանոններով, նոր դատավճռով Լևոն Առաքելյանի նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.10.2011թ. դատավճռով նշանակված պատժի չկրած մասին` 2 տարի ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Լևոն Առաքելյանի վերաքննիչ բողոքը`հիմք ընդունելով այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381 հոդվածի համաձայն վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը, որոնք ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել դատական քննության ընթացքում, նշում այն մասին, թե դատավճիռը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով, որոնք բացակայում են Լևոն Առաքելյանի վերաքննիչ բողոքում և ըստ էության անհնարին դարձնում դրա ըստ էության քննումը, ուստի այն պետք է թողնվի առանց քննության:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: