Հարգում ենք Ադրբեջանի որոշումը․ EWF հայտարարությունը

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։

EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա։

EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար:

EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։

Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։

EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։

EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»։

——–

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարությամբ հայտնել էին, որ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը։

Հիշեցնենք, որ հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն բացման արարողության ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են Մարզահամերգային համալիրից։ Ինչից հետո էլ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Արամ Նիկոլյանը՝ նշելով․ ««Իմ արարքը հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբևիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը և ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ։ Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը և ամենակարևոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել