Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրեց Կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է օրենքին համապատասխան նախատեսել, որ եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել, որ՝
- այն դեպքում, երբ մինչև 3 տարեկան կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, երեխային խնամող անձին անաշխատունակության թերթիկ տրամադրում է երեխային առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը՝ հիմք ընդունելով երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթը երեխայի խնամքով զբաղվող անձի՝ նպաստի իրավունք ունենալու պայմանը սահմանված է Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով,
- փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկը տրամադրում է այն բժշկական կազմակերպությունը, որտեղ իրականացվել է փոխնակ մոր հղիության հսկողությունը (այն բժշկական կազմակերպությունը ով պահանջն առաջանալու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրելու փոխնակ մորը, երեխայի երեխայի կենսաբանական մոր՝ նպաստի իրավունք ունենալու պայմանը սահմանված է Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով,
- նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության թերթիկ տրամադրում է նորածնին առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը երեխայի կենսաբանական մոր՝ նպաստի իրավունք ունենալու պայմանը սահմանված է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով։
«2022 թվականի նոյեմբերի 24-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-451-Ն օրենքով հանվեց միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու մասով սահմանված առանձնահատկությունը, որի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Ընդ որում, այս կարգավորումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հուլիսի 1-ն է կամ դրանից հետո:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նաև վերը նշված օրենքին համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ։
Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ են եկել որոշման կիրառման հետ կապված տարընկալումներ այն մասով, երբ անաշխատունակության թերթիկ պետք է հատկացնել՝
- փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը, կամ
- նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձին կամ
- մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի` տնային (ամբուլատոր) պայմաններում խնամքն իրականացնող անձին, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել:
Ընդ որում, վերը նշված՝ 3 դեպքերի համար Օրենքով արդեն իսկ նախատեսված է նպաստ ստանալու իրավունք, իսկ Որոշմամբ՝ ժամանակավոր անաշխատուակության թերթիկի տրամադրում»,-նշվում է հիմնավորման մեջ։