Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խոսք է հղել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:
«Այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը:
Իր նշանակությամբ Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն համախմբում եւ զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ, հիշեցնում է մեր արմատների, քրիստոնեական մեր դարավոր ավանդույթների ու արժեքների մասին, որոնց համատեքստում այսօրվա մարտահրավերներն ընդամենն անցողիկ դրվագ են թվում։
Վստահ եմ, որ հավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները:
Այստեղ՝ Արցախում, այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի քան ընկալելի ու առարկայական է դառնում, քանի որ այն նաեւ ավելի միասնական ու համախմբված, ավելի հաստատակամ լինելու կոչ է։
Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Վարդանյանը: